Մարտի 8-ին կանանց ծաղիկներ եւ կոնֆետներ նվիրելն արդեն այնքան էլ այժմեական չէ, բայց անպետք գեղեցիկ իրեր եւ արձանիկներ տալն էլ, որ պիտի փոշոտվեն դարակներին, հազիվ թե լավ միտք է: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարտի 8-ի նվերների մի քանի գաղափար: Բոլոր այդ նվերներն օգտակար կլինեն եւ ստացողներին կօգնեն ամրապնդել առողջությունը:
Յոգայի գորգ
Լավ գորգը բոլորին պետք կգա, նույնիսկ այն կանանց, որոնք յոգայով առանձնապես չեն հետաքրքրվում: Եթե կինը նման գորգ ունենա, գուցե դա նրան ոգեւորի սպորտով զբաղվել կամ էլ գոնե առավոտները մարմնամարզություն անել, իսկ երեկոյան` ձգումներ: Ծայրահեղ դեպքում երեխաները կարող են խաղալ այդ գորգին: Հայաստանի շատ խանութներում եւ առեւտրի կենտրոններում հնարավոր է նման գորգ գնել: Գինը մի քանի հազար դրամից մինչեւ մի քանի տասնյակ հազար դրամ է:
Օգտակար սնունդ պատրաստելու հարմարանքներ
Նվերի լավ գաղափար է շոգեեփիչը կամ էլ էլեկտրական կաթսան, որում հնարավոր է առողջության համար օգտակար եւ ոչ կալորիական ուտեստներ պատրաստել: Հնարավոր է ավելի համեստ գնով բլենդեր ձեռք բերել, որում կարելի է սմուզի, ապուր, բուսակերական յոգուրտներ եւ շատ այլ բաներ պատրաստել, հյութքամիչ կամ պաղպաղակ պատրաստելու սարք, որում հնարավոր է պաղպաղակի ոչ միայն դասական, այլեւ ցածր կալորիական տարբերակներ պատրաստել, ինչպես նաեւ սառեցված յոգուրտ:
Այդ ամենը հնարավոր է գնել ոչ միայն մասնագիտացած խանութներից, այլեւ խոշոր սուպերմարկետներից:
Մարզական իրեր
Ակտիվ կենսակերպ սիրող կնոջը կարելի է թռչող սկավառակ նվիրել (քաղաքից դուրս գնալիս հնարավոր կլինի խաղալ դրանով), անվավոր չմուշկներ կամ ֆիտբոլ` գնդակ, որի օգնությամբ հնարավոր է տարբեր վարժություններ անել: Նման գնդակը, իմիջիայլոց, կարող է շատ լավ նվեր լինել հղի կնոջ համար:
Այդ բոլոր իրերը հնարավոր է գտնել եւ մարզական խանութներում, եւ սուպերմարկետներում:
Սարքեր
Քայլաչափը կամ զարկերակը չափող ժամացույցը կարող են շատ լավ նվեր լինել, որոնք կխթանեն ավելի շատ քայլելը, ավելի շատ շարժվելը եւ ավելի առողջ կենսակերպ վարելը:
Դրանք հնարավոր է գնել էլեկտրոնիկայի խանութներում կամ պատվիրել առցանց խանութներից:
Մերսման սեանս
Եթե նվերների նախորդ բոլոր գաղափարներն աղջկա սրտով չեն, կարելի է նրան ուրախացնել որեւէ մասնագիտացած կենտրոնում մերսման սեանսով: Մերսումը նրան կօգնի լիցքաթափվել եւ շատ դրական հույզեր կնվիրի: Սակայն սրահի ընտրության հարցում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ թե ներքին հարդարման վրա, այլ մերսումը կատարող աշխատակցի պրոֆեսիոնալիզմի:






