Քաղցկեղային գեն ունեցող կանանց հետազոտողները խորհուրդ են տալիս մինչեւ 35 տարեկանը հեռացնել առողջ ձվարանները:
Կանայք, որոնք ժառանգել են BRCA երկու չարագույժ գեներից մեկը, շատ ավելի են ենթակա կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկին, քան մյուս կանայք, եւ ավելի երիտասարդ տարիքում:
Անցած տարի դերասանուհի Անջելինա Ջոլին բոլոր թերթերի ու ամսագրերի էջերին էր, երբ հեռացրեց իր առողջ կուրծքը, որպեսզի կրճատի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Վիրահատությունը ոչ միայն նվազեցնում է կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիրաբուժական միջամտությունը 77%-ով նվազեցնում է այդ կանանց մինչեւ 70 տարեկանը մահանալու ռիսկը:
Նոր հետազոտությունն առաջարկում է վիրահատություն՝ օոֆորեկտոմիա, ընդ որում՝ տարբեր գեների դեպքում տարբեր տարիքում, հայտնում է Newsmax Health-ը:
BRCA1 ունեցող կանանց դեպքում ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը 35 տարեկանում 1.5% է, իսկ 40 տարեկանում մեծանում է մինչեւ 4%, ասում է առաջատար հետազոտող բժիշկ Սթիվեն Նարոդը՝ Տորոնտոյի համալսարանից: Արդեն 50 տարեկանում ռիսկը մեծանում է մինչեւ 14%:
Իսկ BRCA2 գենի կրողները կարող են վիրահատությունը հետաձգել մինչեւ 40 տարեկանը: Հետազոտողները 50 տարեկանից փոքր կանանց շրջանում քաղցկեղի միայն մեկ դեպք են հայտնաբերել:
Հետազոտողները 5 ½ տարի հետեւել են BRCA գենի 5787 կրողի Կանադայից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայի տարբեր երկրներից եւ պարզել են, որ ձվարանների հեռացումը քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնում է 80 %-ով:
Հետաքրքիր է, որ ձվարանների հեռացումն օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդեցության միջոցով նվազեցնում է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բժիշկ Նարոդը պարզել է, որ վիրահատությունը մեծացրել է ողջ մնալու հավանականությունը, եթե նույնիսկ կանայք արդեն հիվանդ են եղել կրծքագեղձի քաղցկեղով:






