Դեղագործական հետազոտական Samumed ընկերությունը հայտնել է նոր դեղամիջոցի հաջող փորձարկումների մասին, որն ի վիճակի է հաղթահարել տղամարդկանց մոտ ճաղատացումը: Կոդային SM04554 անվանումով դեղամիջոցը, մշակողների խոսքով, արդյունավետ է անդրոգենային ճաղատացման դեմ, որն այսօր լայնորեն տարածված է տղամարդկանց շրջանում, բայց հանդիպում է նաեւ կանանց մոտ:
Փորձարարական դեղամիջոցը, գիտնականների խոսքով, օրգանիզմի բջիջներում «ազդանշանային ուղիներ» է բացում, որոնք իրենց հերթին նպաստում են նոր մազերի ի հայտ գալուն: Կարծիք կա, որ անդրոգենային ճաղատացման պատճառը հենց «ազդանշանային ուղիների» պակասն է:
Կլինիկական փորձարկումների շրջանակում դեղամիջոցը փորձարկել են 18 –ից 55 տարեկան 302 տղամարդու վրա: Ամեն օր` 90 օր շարունակ, որոշ տղամարդիկ SM04554-ի 0.15 տոկոսանոց լուծույթ են ընդունել, ուրիշները` 0.25 տոկոսանոց, իսկ երրորդ խումբը պլացեբո է ստացել:
135 օրից առաջին երկու խմբի տղամարդկանց գլխին ավելացել է մազերի թիվը, դրանք նաեւ ավելի խիտ են դարձել: Պլացեբո ընդունած մարդկանց մոտ նման ազդեցություն չի դիտարկվել:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր տղամարդիկ տառապում են ճաղատացումից, սակայն վերջին 15 տարվա ընթացքում ճաղատացման դեմ ընդամենը 2 դեղամիջոց է հավանության արժանացել եւ օգտագործվել:
Հետազոտության արդյունքների մասին գիտնականները պատմել են ամերիկյան Մաշկաբանների ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը:






