Զիկա վիրուսը վնասում է մարդու նյարդային բջիջները եւ կարող է հղի կնոջից փոխանցվել պտղին` հանգեցնելով վիժման կամ էլ պտղի մահվան, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը` ամփոփելով արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստի արդյունքները: 

«Ինչ վերաբերում է արատների եւ պտղի զարգացման միջեւ կապին, վիրուսը հայտնաբերվել է ամնիոտիկ հեղուկում: Փորձերը ցույց են տալիս, որ այն կարող է անցնել ընկերքային պատնեշը եւ վարակել պտղին: Այժմ կարող ենք եզրակացնել, որ Զիկա վիրուսը նեյրոտրոպ   է (նյարդային բջիջները վնասելու ունակ) եւ առավելապես ազդում է զարգացող պտղի  գլխուղեղի եւ գլխի բնի հյուսվածքների վրա», — հայտնել է նա:

Չենը հավելել է, որ միկրոցեֆալիան հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու հետ կապված հայտնաբերված արատներից ընդամենը մեկն է:  Ավելի լուրջ հետեւանքները ներառում են պտղի մահը, ընկերքային անբավարարությունը, պտղի աճի դանդաղումը եւ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները: Պտղի արյան, գլխուղեղի հյուսվածքի եւ ողնուղեղային հեղուկի մեջ հայտնաբերված վիրուսը հանգեցրել է նաեւ վիժումների եւ հղիության ընդհատման: 

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի խոսքով, այս պահի դրությամբ Զիկա վիրուսով վարակումից հետո միկրոցեֆալիայի դեպքեր են արձանագրվել միայն Ֆրանսիական Պոլինեզիայում եւ Բրազիլիայում: Սակայն այլ երկրներում, որտեղ բռնկումն ավելի ուշ է սկսվել, օրինակ` Կոլումբիայում, մինչեւ այժմ էլ շարունակվում են դիտարկումները ծննդյան արատների հայտնաբերման ուղղությամբ: 

Ինը երկիր հայտնել է Հիենա-Բարրեի համախտանիշի աճի մասին կամ էլ տվյալ համախտանիշով հիվանդների մոտ  լաբորատոր եղանակով հաստատված Զիկա վիրուսով վարակումների:  Չենի կարծիքով, այդ վկայություններն ընդլայնում են ռիսկի խումբը, որտեղ Զիկայով վարակվելուց հետո կարող են բարդացումներ ի հայտ գալ: Ավելի վաղ դրանում ներառվել էին միայն մանկածնական տարիքի կանայք, սակայն այժմ վտանգի ենթակա են երեխաները, անչափահասները, մեծ մասամբ` տարեցները եւ տղամարդիկ ընդհանուր առմամբ, որովհետեւ Հիենա-Բարրեի համախտանիշը նրանց մոտ էլ կարող է հայտնաբերվել: