Զիկա վիրուսը սկսել է ավելի հաճախակի փոխանցվել սեռական ճանապարհով: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը` ամփոփելով արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստը: 

«Հիվանդությունը գնալով ավելի ու ավելի մեծ տարածքներ է ընդգրկում, ռիսկի խումբն ավելի բազմաքանակ է դառնում, եւ փոխանցման միջոցներն այժմ ներառում են սեռական գործողությունը եւ մոծակների խայթոցը:   Վիրուսի սեռական եղանակով փոխանցումը գնալով ավելի հաճախակի է դառնում, քան սպասում էինք», - ասել է նա:

ԱՀԿ-ն առայժմ անհրաժեշտ չի համարում արգելք մտցնել այն երկրներ ուղեւորությունների վրա, որտեղ տարածված է վիրուսը: Սակայն հղի կանանց խորհուրդ է տալիս հետաձգել այցելությունն այդ երկիր: ԱՀԿ-ն նաեւ հայտնել  է, որ օդանավակայաններում անհրաժեշտ է միջատազերծում իրականացնել եւ քննարկել ինքնաթիռներում համանման միջոցներ կիրառելու հարցը: