Երեւանում այսօր խորհրդակցական հանձնաժողովի նիստին ամփոփել են  «Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի առաջի արդյունքները, որը մեկնարկել էր անցյալ տարի եւ ուղղված էր սելեկտիվ աբորտների դեմ պայքարին եւ երկրում ծնվող երեխաների անբնական համամասնության խնդրի լուծմանը:  

Հայաստանում մասնագետները սելեկտիվ աբորտների խնդրի լուծման տարբեր միջոցներ են փնտրել. քննարկվել է նույնիսկ ծնողներին մինչեւ հղիության   30-րդ շաբաթը երեխայի սեռը հայտնելու տարբերակը: Քննարկվող ծրագիրը սակայն փորձում է խնդիրը լուծել ոչ թե արգելքների եւ այլ վարչական միջոցների, այլ տեղեկատվության տարածման եւ բնակչության գրագիտության եւ գիտակցության բարձրացման օգնությամբ: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Գալստյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնից (International Center for Human Development, ICHD), ծրագիրը նախատեսված է 2 տարվա համար, Եվրոպական Միության ֆինանասավորմամբ այն իրականացնում է  4 կազմակերպություն` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանում Save the Children-ը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը եւ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:

Ինչպես իր հերթին նշել է Սուսաննա Մկրտչյանը Հայաստանում   Save the children կազմակերպությունից, ծրագրի շրջանակում Հայաստանի 25 երկրում քաղաքացիական ակտիվ խմբեր են ստեղծվել, որոնց անդամակցել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ` ոստիկանության, ՀԿ-ների, տեղական կառավարման մարմինների, եկեղեցու, ինչպես նաեւ լրագրողներ: Մասնագետները նրանց հետ հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում բացատրել են Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը, ցույց են տվել վիճակագրությունը: Հաջորդ քայլով ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչները պիտի ստացած տեղեկությունները տարածեն իրենց կառույցներում, սեմինար-հանդիպումներ անցկացնեն, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, որոնք կօգնեն բնակչության լայն շերտերի շրջանում գիտելիքներ տարածել սելեկտիվ աբորտների մասին:     

Ահա արդեն 4 ամիս է` Հայաստանի շրջաններում աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքների մասին վաղ է խոսել, նշել է Սուսաննա Մկրտչյանը. ծրագրի արդյունքների լիարժեք ամփոփում հնարավոր կլինի կատարել գոնե մեկ տարի անց: 

Ինչպես իր ելույթի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, թերեւս արդեն կան փոքրիկ տեղաշարժեր, իսկ այսօրվա քննարկումը կօգնի հասկանալ, թե որքան արդյունավետ են կազմակերպչական միջոցառումները եւ որ ուղղությամբ արժե շարունակել աշխատանքը:  

Հիշեցնենք, որ 2011-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության ժողովրդաբնակչության հիմնադրամը հետազոտություն էր իրականացրել, որը ցույց էր տվել, որ Հայաստանում   100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում, ոչ թե 105-106, ինչպես նախատեսված է բնությամբ: Այդ պատճառով խախտվում է երկրում սեռերի համամասնությունը, իսկ սելեկտիվ աբորտների հետեւանքով 2050-ին, մասնագետների գնահատականով, Հայաստանում չի ծնվի մոտ 90 000 աղջիկ, որոնք կարող էին մայր դառնալ եւ նպաստել երկրում ժողովրդագրական աճին: