Հայաստանում մշակվել եւ արդեն քննարկվում է 2016-2018 թթ ժողովրդագրական զարգացման ծրագիրը: Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ծրագրի նպատակն է այնպես անել, որ զույգերի մեծ քանակություն երեխա ծնելու ցանկություն ունենա եւ որ նրանք հնարավորություն ունենան անելու դա:
Ծրագիրը կազմված է երկու հիմնական ուղղությունից, որոնք ընդգրկում են առողջապահության եւ սոցիալական ոլորտները:
Գայանե Ավագյանի խոսքով, ծրագրի «բժշկական ճյուղի» հիմնական նպատակը «առողջապահական գործոններով պայմանավորված ծնելիության բարձրացումն է»: Դա նշանակում է, որ պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծել անպտղության, վիժումների, աբորտների, վաղաժամ ծննդաբերության (մինչեւ 1000 գ քաշով ծնված երեխաների շրջանում մահացությունը մոտավորապես 30 անգամ ավելի բարձր է, քան նորմալ քաշով ծնվածների շրջանում), պերինատալ կորուստների (պտղի մահը սաղմնավորման օրից մինչեւ ծննդից հետո 28-րդ օրն ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի) կանխարգելման համար: Այսինքն աշխատանքները պիտի տարվեն երկու ուղղությամբ. անհրաժեշտ կլինի ապահովել երեխաների նորմալ ծնունդն այն զույգերի մոտ, որոնք արդեն սպասում են երեխայի եւ կանխարգելել խնդիրներն ու բարդացումները նրանց մոտ, ովքեր մտածում են երեխաների մասին:
2015-ից ի վեր անապահով ընտանիքներից (30 եւ ավելի միավոր) զույգերին առաջարկվում է օգտվել անպտղության ախտորոշման եւ արհեստական սերմնավորման ժամանակակից մեթոդներից: Առաջարկվում է նաեւ արտամարմնական բեղմնավորման պրոցեդուրաները մատչելի դարձնել այն զույգերի համար, որոնք գրանցված են եւ ապրում են սահմանամերձ գյուղերում:
Նախատեսված է նաեւ 15 տարեկան աղջիկների շրջանում ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել` ի հայտ բերելու այն խնդիրները, որոնք հետագայում կարող են հանգեցնել անպտղության կամ հղիության հետ կապված խնդիրների եւ հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրները:
Մեկ այլ գաղափար է` մինչեւ ամուսնությունը եւ երեխայի պլանավորումը հետազոտություն ենթադրող ծրագրի ներդրումը: Նման հետազոտությունները կարող են ժամանակին ի հայտ բերել խնդիրները եւ ռիսկի գործոնները եւ լուծել դրանք:
Ինչպես իր հերթին նշել է Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, 2016-2018 թթ. ժողովրդագրական զարգացման ազգային ծրագիրը նաեւ մի շարք նորամուծություններ է ենթադրում սոցիալական ոլորտում: Մասնավորապես, նախատեսված է ընդլայնել երիտասարդ զույգերին բնակարաններով ապահովման ծրագիրը: Նախնական տվյալների համաձայն, Հայաստանում մոտ 60 000 ընտանիք բնակարանի կարիք ունի: Դեռ հայտնի չէ, թե նրանցից որոնք կկարողանան ծրագրի շրջանակում բնակարան ստանալ:
Քննարկվող ծրագրի շրջանակում առաջարկվում է նաեւ մի քանի քայլ ձեռնարկել մայրությունը երիտասարդ կանանց համար ավելի գրավիչ դարձնելու համար: Մասնավորապես, քննարկվում են հետեւյալ տարբերակները.
• Պետական սուբսիդիաներ մինչեւ 22 տարեկանը հղի եւ ծննդաբերած ուսանողուհիների կրթության վճարման համար:
• Պետական սուբսիդիաներ մինչեւ 24 տարեկանը ծննդաբերած կանանց համալսարան ընդունվելուն նախապատրաստելու համար:
• Սուբսիդիաներ, որոնք կօգնեն երեխայի համար դայակ վարձել եւ վերադառնալ աշխատանքի:
• Օգնություն մինչեւ 30 տարեկան կանանց վերապատրաստմանը եւ վերաորակավորմանը, որոնք երեխաներ են ունեցել եւ մինչ այդ երբեք չեն աշխատել:
Ծրագրի նախագծի հեղինակների կարծիքով, բոլոր այդ միջոցառումները կօգնեն բարելավել երկրի ժողովրդագրական վիճակը: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում բնակչության վերարտադրության գործակիցը 1.7 է գոնե 2.1-ի փոխարեն:






