Կանադայի իշխանությունները 2012-ին մենինգիտից մահացած 19 ամսական  երեխայի` Էզեկիլի ծնողներին` Դեւիդ եւ Կոլետ Ստեֆաններին մեղադրում են իրենց երեխային օգնություն չհասցնելու համար: 

Երեխան երկու շաբաթ հիվանդ է եղել, եւ այդ ամբողջ ընթացքում ծնողները փորձել են նրան բուժել տնական միջոցներով: Նրանք բժշկական օգնության են դիմել  միայն երբ նկատել են, որ երեխան դադարել է շնչել: 

Ինչպես հաղորդում է Global News հեռուստաալիքը, Էզեկիլի մայրը` Կոլետ Ստեֆանը, ախտանիշները ստուգում էր  համացանցի միջոցով, իսկ հետո նրան ամեն տեսակ տնական միջոցներ էր տալիս: 

CBC-ի տվյալների համաձայն, տնական միջոցներով բուժման մեջ էր մտնում թխկու օշարակով ջուրը, սառեցված հատապտուղը, հյութը, խնձորի քացախից կոկթեյլը,  ծովաբողկի արմատը, սուր այրող պղպեղը, սխտորի հետ ճզմած սոխը եւ կոճապղպեղի արմատը:

Մանկաբարձ Թերրի Մեյնդերը պատմել է, որ այցելել է Էզեկիլին եւ ծնողներին խորհուրդ է տվել բժշկի դիմել: Սակայն նրանք նախապատվությունը տվել են ոչ ավանդական բժշկության մեջ մասնագիտացած բժշկին: Նա չի զննել երեխային, անմիջապես վիրուսային մենինգիտի դեմ բուժում է նշանակել: 

Ամուսինները դատարանին պատմել են, որ իրենք ստիպված են եղել ժողովրդական բժշկությանը դիմել, որովհետեւ առողջապահության կանադական համակարգի հետ հարաբերությունների անհաջող փորձ ունեին: 

Ավելի վաղ նրանք սննդային հավելումներ էին վաճառում  Empowerplus-ին: Արտադրողի կայքում ասված է, որ արտադրանքը հավանության է արժանացել բժշկական կազմակերպությունների կողմից եւ ի վիճակի է բուժել երկբեւեռ խանգարումը եւ աուտիզմը: 

Դատարանում հայտարարվել է, որ ծնողները իրենց որդու բուժման համար եւս   Empowerplus-ի արտադրանք են օգտագործել: Կանադայի Առողջապահության նախարարությունը փորձել է կանգնեցնել  Empowerplus-ի տարածումը, բայց ընկերությանը հաջողվել է շահել դատական գործը:  

Այն բանից հետո, երբ մարդիկ իմացել են, թե ինչպես են բուժել  19 ամսական նորածնին, նրա ծնողների վրա սկսել են «ակտիվորեն հարձակվել» սոցցանցերում: