Հունվարի 1-ի տվյալների համաձայն, Երեւանում թմրանյութ օգտագործած 3007 մարդ է գրանցվել: Այդ մասին լրագրողներին պատմել է հանրապետական նարկոլոգիական կենտրոնի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Արտաշես Թումանյանը:
Մասնագետի խոսքով, երկրում թմրամոլների թիվն ամեն տարի մոտ 100-150 մարդով աճում է: Համեմատության համար, 2014-ին Երեւանում թմրանյութ օգտագործած 2758 հիվանդ է գրանցվել, այսինքն` 249-ով պակաս, քան այսօր: Իհարկե, կան նաեւ մասնագետների վերահսկողության տակ չգտնվող կամ առանց իրենց անունը հայտնելու բուժում ստացող թմրամոլներ, այդ պատճառով երկրում թմրամոլների թիվը պետք է անհամեմատ ավելի մեծ լինի: USAID-ի 2010 թվականի հաշվարկային տվյալների համաձայն, Հայաստանում թմրանյութ օգտագործողների թիվը մոտ 30 000 է, որոնցից 2 700-ը ներերակային թմրանյութեր է օգտագործում եւ հասարակության համար ամենամեծ վտանգն է ներկայացնում: Պաշտոնապես Հայաստանում 2015-ի հունվարի 1-ից թմրանյութ օգտագործող 5357 մարդ է գրանցված:
Թմրանյութ օգտագործող երեւանցիների մեծ մասը (1976 մարդ) 28-40 տարեկանների տարիքային խմբում են: Նրանց մեջ տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են, քան կանայք, ընդամենը` 77:
Ինչ վերաբերում է թմրանյութի առավել տարածված տեսակներին, առաջին տեղում օպիոիդներն են, դրանք օգտագործում է 1614 երեւանցի, հաշիշի տեսակները, որոնք օգտագործում է 1391 մարդ:
Շատ տարածված է նաեւ սփայսը, որը, մասնագետների գնահատականներով, կարելի է համարել աշխարհում ամենատարածված թմրանյութերից մեկը: Սփայսը կարող է լուրջ խախտումներ առաջ բերել եւ մարդկանց մղել ինքնասպանության: Չնայած Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրություն չկա, նման դեպքեր տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում:






