Ալցհայմերի հիվանդության զարգացման հիմնական պատճառը գուցե վիրուսները եւ մանրէներն են: Նման եզրակացության է հանգել Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարաններից հետազոտողների խումբը: 

Ինչպես ենթադրում են մասնագետները, հիվանդության պատճառ կարող է դառնալ հերպեսի վիրուսը, ինչպես նաեւ այնպիսի մանրէներ, ինչպիսին են քլամիդիան եւ սպիրոխետները, գրում է   The Telegraph-ը:

Ալցհայմերի հիվանդության բնութագրական նշաններից մեկը համարվում է ուղեղում  կպչուն ամիլոիդային շերտիկների եւ «սխալ» տաու-սպիտակուցների կուտակումը, որոնք խոչընդոտում են նեյրոնների միջեւ հաղորդակցությանը, ինչը հանգեցնում է հիշողության վատացման եւ այլ մտածողական խանգարումների: Ներկայումս շատ գիտնականներ փորձում են այդ գործընթացը կանխարգելելու մեթոդներ գտնել: 

Journal of Alzheimer’s Disease պարբերականում հրապարակված հոդվածում ենթադրություն կա, թե հենց վիրուսային կամ մանրէածին վարակն է պատասխանատու ուղեղում վտանգավոր շերտիկների ձեւավորման համար:   Իսկ հակամանրէական դեղամիջոցների օգտագործումը կարող էր օգնել կանգնեցնել ձեռքբերովի թուլամտության զարգացումը, կարծում են գիտնականները:  

«Մենք պնդում ենք, որ անհերքելի ապացույցներ կան, որ Ալցհայմերի հիվանդությունը գաղտնի մանրէական բաղադրիչ ունի: Մենք այլեւս չենք կարող անտեսել առկա բոլոր վկայությունները », - ասում է հետազոտող, Մանչեստրի համալսարանի պրոֆեսոր Դուգլաս Քելլը: 

Տարեց մարդկանց ուղեղում հաճախ առկա են լինում մանրէներ եւ վիրուսներ: Եվ չնայած դրանք քնած վիճակում են լինում, կարող են արթնանալ սթրեսի կամ իմունային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: Հերպեսի վիրուս ունեցող շատ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենք ունեն նման վիրուս: Մինչդեռ տվյալ վիրուսը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը եւ գլխուղեղի լիմբային համակարգը, որը պատասխանատու է տրամադրության եւ բնազդների համար: 

Գիտնականները նաեւ մատնանշում են, որ  APOEe4-ի գենետիկ տարբերակը ոչ միայն մեծացնում է Ալցհայմերի հիվանդության ռիսկը, այլեւ  վարակիչ հիվանդությունների հանդեպ մարդու խոցելիությունը:  

Ուղեղում վիրուսային վարակները, ինչպես արդեն հայտնի է, Ալցհայմերի ախտանիշներ հիշեցնող ախտանիշներ են առաջացնում: Եվ ինչպես նշում են փորձագետները, երկար ժամանակ ոչ ոք բավարար ուշադրություն չէր դարձնում այդ կապին: 

«Մենք հիմնավորված ենք համարում Ալցհայմերի հիվանդության էթիոլոգիայում վարակիչ գործակալների դերի հետագա հետազոտությունը` ներառյալ հակամանրէական  թերապիայի փորձարկումները», - պնդում են գիտնականները: Նրանց կարծիքով, նոր արդյունքները կարող են ազդել նաեւ Փարկինսոնի եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման ապագա մեթոդների վրա: 

Գիտնականները նշում են, որ արյան մեջ մանրէների առկայությունը կարող է հիմնարար դեր խաղալ` խթանելով համակարգային բորբոքումը, ինչը բնորոշ է Ալցհայմերի հիվանդությանը:  

«Բացի այդ, բավարար ապացույցներ կան, որ դա կարող է հանգեցնել նյարդային բորբոքման եւ շերտիկների առաջացման», - նշում է պրոֆեսոր Ռեզիա Պրետորիուսը (Resia Pretorius) Պրետորիայի համալսարանից: