Նորածնի մոտ խնդիրների վաղ կանխարգելման համակարգը (newborn early warning system) քայլերի հերթագայություն է, որոնք անհրաժեշտ են նորածնի մոտ առողջության հետ կապված խնդիրների վաղ ի հայտ բերման եւ նրան ժամանակին օգնություն հասցնելու համար, ինչը կպահպանի նրա կյանքը եւ առողջությունը
Նեոնատոլոգ Մերրան Թոմփսոնը (Մեծ Բրիտանիա) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, թե դա ինչ համակարգ է եւ ինչպես է աշխատում:
Երբ երեխան ծնվում է, մասնագետները հետազոտում են նրան եւ մի փոքրիկ բլանկ են լրացնում նրա առողջության վերաբերյալ տվյալներով: Դա մասնագետներին օգնում է հասկանալ` արդյոք երեխան այս կամ այն հիվանդության զարգացման ռիսկի խմբում է: Եթե այո, ուրեմն սեւեռուն ուշադրության կարիք ունի, որպեսզի բաց չթողնեն նրա վիճակի վատացման առաջին նշանները եւ ժամանակին օգնություն հասցնեն:
Նման երեխաների նկատմամբ կանոնավոր դիտարկում է իրականացվում: Մասնագետները հատուկ բլանկում նշում են, թե երեխան մարմնի ինչ ջերմաստիճան ունի, նորմալ է արդյոք շնչառությունը, սրտխփոցը եւ մաշկի գույնը: Ուշադրություն են դարձնում նաեւ այն բանին, թե երեխան իրեն ինչպես պահում, արդյոք ակտիվ է, արթնանում է ուտելու համար: Բլանկը մանրամասնորեն լրացնելու օգնությամբ բուժաշխատողը կկարողանա ժամանակին նկատել եւ մասնագետ կանչել. այդ դեպքում երեխան օգնություն կստանա ավելի շուտ, քան իրավիճակը կլրջանա եւ դուրս կգա վերահսկողությունից:
Մերրան Թոմփսոնը նշել է, որ այս համակարգն արդյունավետ կերպով գործում է Մեծ Բրիտանիայում, սակայն այլ երկրների մեծամասնությունը դեռ չի լսել այդ մասին: Այսօր նեոնատալ-պերինատալ բժշկության ֆորումի սեմինարներից մեկի ընթացքում մասնագետը տարբեր երկրների նեոնատոլոգներին ներկայացրել է այս համակարգը եւ պատմել է դրա հնարավորությունների եւ առավելությունների մասին:
Նրա խոսքով, գործնականում այս համակարգի կիրառությունը շատ հեշտ է, եւ այլ երկրներ առանց դժվարության կարող են այն ներդնել իրենց հիվանդանոցներում եւ ծննդատներում: Միակ հարցն այն է, որ ամեն երկիր պիտի նորածնի վիճակի նախնական գնահատման սեփական բլանկը ստեղծի, չէ որ առողջապահության ամեն համակարգ իր առանձնահատկություններն ունի եւ ռիսկի գործոնների եւ խմբերի իր պատկերացումները:






