Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող եւ գրանցված անպտուղ զույգերի համար մատչելի կդառնան արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) պրոցեդուրաները: Ինչպես հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, այս ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, եւ այս ընթացքում ավելի քան 50 զույգ դրա շրջանակում մասնագետների է դիմել:

Այդ զույգերի շրջանում, ինչպես նշել է Գայանե Ավագյանը, շատ խիստ ընտրություն է կատարվել: Արդյունքում ընտրել են կրակի գծի վրա գտնվող սահմանամերձ գյուղերից (Այգեձոր, Պառավաքար, Բաղանիս, Ոսկեւան, Ճամբարակ եւ այլն) 35 զույգի: Ծրագրի կանոնների համաձայն, զույգը պիտի անպայման գրանցված լինի եւ ապրի սահմանամերձ գյուղում: Զույգը պիտի նաեւ գրանցած լինի իր ամուսնությունը եւ ամուսնական վկայական ունենա: Բացի այդ, երկու զուգընկերն էլ պիտի Հայաստանի քաղաքացի լինեն: 

Հիշեցնենք, որ Հայաստանում զույգերի մոտավորապես 14.9 տոկոսը տառապում է անպտղությունից, ընդ որում, նրանց մեծամասնության մոտ (10 տոկոս) երկրորդական անպտղություն է: Եվ չնայած անպտուղ զույգերի թիվը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան կիսով չափ կրճատվել է, դեռ շատ են նրանք, ովքեր չեն կարողանում բնական եղանակով երեխա սաղմնավորել: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անպտղության ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդները քիչ են մատչելի, իսկ ԱՄԲ-ի յուրաքանչյուր փորձը  շատ թանկ արժե  (մինչեւ մի քանի մլն դրամ` կախված հիվանդանոցից), այդ պատճառով անվճար ԱՄԲ անելու հնարավորությունը խոցելի շրջաններից շատ զույգերի կարող է վերջապես երեխա ունենալու հնարավորություն տալ: 

Այս ծրագրի եւ ընտրված 35 զույգի ճակատագրի մասին մանրամասներն ավելի ուշ հայտնի կդառնան: