Մարտի 11-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) միջեւ։ Հուշագիրը ստորագրել են ՀԿ համանախագահներ Արա Մինասյանը, Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը։
Համագործակցության հուշագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը զարգացման գործընթացներին։ Համագործակցության շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ գիտաժողովներ, սեմինարներ, հանդիպումներ առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հետ, առողջապահության զարգացման ծրագրեր եւ այլն։
«Այսօր շատ հիշարժան օր է։ Սերնդափոխության այն շրջանն ենք մուտք գործում, երբ փորձը եւ եռանդը միմյանց հետ պատասխանատվություն են ստանձնում մեր ապագա առողջապահության համար։ Ես խիստ կարեւորում եմ այս փաստը եւ հույս ունեմ, որ ստորագրվող հուշագիրը չի լինի զուտ խորհրդանշական, այլ կդառնա գործնական եւ խիստ կիրառական»,-ողջունելով հուշագրի ստորագրումը` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նա ընդգծեց, որ այսօր` առավել, քան երբեւէ, իրականացվող ծրագրերի վերաբերյալ հասարակական կարծիք ձեւավորելու անհրաժեշտություն կա։ Քանզի դրանք անհնար է իրագործել առանց հանրության լրջագույն սատարման։ Նա նշեց, որ երիտասարդությունն իր աշխարհայացքով, իր պատրաստակամությամբ իր հեռանկարներով կարող է համալրել ավագ սերնդի փորձն ու արհեստավարժությունը` առողջապահական բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում։
«Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ մարդկանց առողջության պահպանման խնդիրը միայն առողջապահական չէ։
«Վերջերս քննարկումների առարկա էր Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը, եւ մեզ համար հաստատեցինք, որ խնդիրը ոչ այնքան առողջապահական է, թեեւ առողջապահությունն իր կարեւոր դերակատարությունն ունի։ Մենք երիտասարդների հետ միասին պետք է կարողանանք տեսնել այն ապագան, ստեղծենք այն դաշտն ու մթնոլորտը, որտեղ երիտասարդները կունենան իրենց կյանքն ու աշխատանքը, անվտանգությունը։ Կիմանան, որ Հայաստանը իրենց իրավունքների պաշտպանն է»,-ասաց Արա Բաբլոյանը` նշելով, որ այդ գաղափարները պետք է լինեն առաջիկա համագործակցության հիմքում։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, խոսելով հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին, նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սոցիալական, առողջապահական ոլորտներում, ուստի ցանկություն կա այդ ամենն անել ավելի մասնագիտական դաշտում եւ մասնագետների հետ։ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն կառույց է, որտեղ հավաքված են այն մարդիկ, որոնք այսօր որոշում են առողջապահական քաղաքականությունը։ Եվ մենք ցանկանում ենք նաեւ այս համագործակցության միջոցով կապ հաստատել երիտասարդների եւ ավագ սերնդի ճանաչված բժիշկների հետ»,- նշել է Կարեն Ավագյանը։
ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորել է ՀՀԿ ԵԿ հետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ հնարավոր չէ լուծել առկա խնդիրներն առանց երիտասարդության մասնակցության։ Ուստի անհրաժեշտ է միավորել ուժերն ու հնարավորությունները՝ այդպիսով աջակից լինել երկրի զարգացմանը։






