Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղի միակ տեսակն է, որը դեռ մահվան դատավճիռ է համարվում: Սակայն Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակել, որը զգալիորեն մեծացնում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց ապրելու հնարավորությունը:
Նոր բուժումը ներառում է երկու ստուգված հակաքաղցկեղային թերապիա՝ ռենում-188 ռադիոակտիվ իզոտոպը եւ Listeria monocytogenes մանրէի թույլ ձեւը: Հետազոտողներ Կլաուդիա Գրեյվկամպը եւ Եկատերինա Դադաչովան մկների վրա կատարած փորձով ցույց են տվել, որ ռադիոակտիվ մանրէն ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի առաջնային ուռուցքի մոտ 50%-ը, եւ որքան էլ զարմանալի է՝ մետաստազների 90%-ը:
Նոր թերապիայի երկու տարրերն էլ ավելի վաղ առանձին ստուգվել են, բայց դրանք առաջին անգամ են միավորել:
Մկների վրա կատարված փորձերի արդյունքում հետազոտողները պարզել են, որ Listeria-ն առանձին ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի միայն 54%-ը, մինչդեռ ռադիոակտիվ Listeria-ն ոչնչացնում է մոտ 90%-ը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրի վերջին համարում, հայտնում է Newsmax Health-ը:






