Չինացի բժիշկ Քսյաոպին Ռենը, որը չինական բժիշկ Ֆրանկենշտեյն մականունն է ստացել, հայտնել է, որ պատրաստ է եկող տարի մարդկային գլխի փոխպատվաստում կատարել: Նա կենդանիների վրա բազմաթիվ փորձարկումներ է արել:
Ավելի վաղ այս տարվա ընթացքում բժիշկ Ռենը աշխարհը ցնցել էր` հայտնելով, թե կապիկի գլխի հաջող փոխպատվաստում է կատարել, որը դրանից հետո կարողացել է 20 ժամ ապրել:
Բրիտանացի լրագրողներն այցելել են բժշկի գաղտնի լաբորատորիա, որը գտնվում է Չինաստանի հյուսիսում: Պարզվել է, որ 55-ամյա բժիշկն արդեն հարյուրավոր վիրահատություններ է կատարել կենդանիների վրա` նախապատրաստվելու մարդու գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությանը: Նա ուղղակի սեւեռված է իր հավակնությունների վրա, ինչ վերաբերում է բժիշկ Ֆրանկենշտեյնի հետ համեմատությանը, որը հաճախ են օգտագործում տեղի ԶԼՄ-ները, Ռենը դրան միշտ միանման է պատասխանում. «Ես ուղղակի գիտնականի աշխատանք եմ կատարում»:
Բժիշկ Ռենը 15 տարի աշխատել է ԱՄՆ-ում: Այժմ, Չինաստանում գտնվելով, նա հայտնել է, որ իր թիմը բժշկության մեջ պատմական իրադարձության շեմին է: Նրա հետազոտությունները բավականին առատաձեռնորեն վարձատրվում են, որովհետեւ Չինաստանն արդեն վաղուց փորձում է գիտության մեջ համաշխարհային առաջատար դառնալ: Ինքը` բժիշկը հրաժարվել է հաղորդել, թե մարդու գլխի փոխպատվաստման քանի վիրահատություն է կատարել դիակների վրա: Նշենք, որ բազմաթիվ լուրեր կան մահվան դատապարտված չինացիների տարբեր օրգանները փոխպատվաստման բնագավառում օգտագործելու մասին: Բժիշկ Ռենը չի ուզում էթիկական հարցեր բարձրացնել, նրան միայն գիտությունն է հետաքրքրում:
Հիշեցնենք, որ իտալացի բժիշկ Սերջիո Կանավերոն վերջերս պատրաստակամություն էր հայտնել մկանային ատրոֆիայից տառապող ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի գլխի փոխպատվաստում իրականացնելու: Վիրահատությունը նշանակված է 2017-ին, եւ չինացի բժիշկն ամենայն հավանականությամբ ուզում է իտալացուց առաջ ընկնել:







