Օրգազմ կեղծելը վնասակար է ինչպես կեղծող զուգընկերոջ առողջության, այնպես էլ զույգի հարաբերությունների համար: Թե ինչու է օրգազմ կեղծելը վատ միտք, պատմել է սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Նորմալ, առողջ սեռական կյանքը ցանկացած հարաբերության հիմքն է, պնդում է մասնագետը: Իսկ կնոջ եւ/կամ տղամարդու մոտ օրգազմի բացակայությունը (երբեմն տղամարդիկ էլ են օրգազմ ձեւացնում, բայց կանայք դա անհամեմատ ավելի հաճախակի են անում) կարող է հանգեցնել հարաբերություններում լուրջ խնդիրների կամ նույնիսկ խզման:
Առաջին հերթին արժե հիշել, որ օրգազմի բացակայությունը վնասակար է կնոջ առողջության համար: Գրգռման ժամանակ արյունը հոսում է դեպի սեռական օրգաններ եւ եթե լիցքաթափում տեղի չի ունենում, փոքր կոնքի օրգաններում կարող են կանգային երեւույթներ եւ բորբոքային գործընթացներ սկսվել, որոնք ապագայում կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների եւ ծանրացնել արդեն առկա հիվանդությունները:
Բացի այդ, սեռական ակտի ընթացքում դեպի արգանդը եւ կաթնագեղձը հոսող արյունը հարուստ է սեռական հորմոններով` էստրոգեններով: Օրգազմից մի քանի րոպե անց սեռական օրգանները թուլանում են, իսկ եթե լիցքաթափում տեղի չի ունենում, լարվածությունը կարող է մոտ մեկ ժամ տեւել: Արյան նման երկարատեւ հոսքը դեպի արգանդի եւ կաթնագեղձի հյուսվածքներ կարող է բարձրացնել շատ հիվանդությունների, այդ թվում նաեւ` ուռուցքայինների զարգացման վտանգը:
Օրգազմների բացակայությունը եւ դրանց նմանակումը բացասաբար են ազդում նաեւ կնոջ հոգեբանության վրա եւ կարող են հանգեցնել նեւրոզների զարգացման: Իսկ ջղագրգռությունը, նյարդայնությունը եւ կոնֆլիկտայնությունը հազիվ թե նպաստեն զուգընկերոջ կամ մտերիմների հետ հարաբերություններին:
Եթե կինն օրգազմ ձեւացնի, զուգընկերը գուցե չկռահի դա: Այդ դեպքում նրանք չեն կարողանա իրենց խնդիրը լուծել եւ տարիների հետ այն ընդամենը ավելի կխորանա` վնասելով կնոջ առողջությանը: Իսկ եթե տղամարդը հանկարծ իմանա, որ իր զուգընկերուհին ձեւացնում է օրգազմը, դա զգայուն հարված կլինի նրա ինքնասիրությանը, ինչը դարձյալ կարող է վնասել հարաբերություններին:
Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս զուգընկերների հետ բաց կերպով քննարկել սեռական ոլորտին վերաբերող բոլոր խնդիրները. առանց դրա, հազիվ թե հնարավոր լինի լուծել այդ խնդիրները: Իսկ եթե զույգը չկարողանա ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակում, նրան այդ հարցում կարող են օգնել մասնագետները:






