Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները դաշտանադադարին բնորոշ առհոսումների բուժման նոր մեթոդաբանություն են մշակել:
Առհոսումների դեմ նոր դեղամիջոցը, որը շուտով կփորձարկեն դաշտանադադար մտնող կանանց խմբում, արգելափակում է ուղեղից եկող այն ազդանշանը, որն էլ հենց տվյալ խանգարման պատճառն է դառնում: Դաշտանադադարի ընթացքում կնոջ ձվարանները ավելի քիչ քանակության էստրոգեն են արտադրում, ինչի հետեւանքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 70 տոկոսի մոտ զարգանում է առհոսումներ կոչվող երեւույթը, որը բացասական ազդեցություն է թողնում նրանց կյանքի որակի վրա:
Դեղամիջոցի հեղինակների խոսքով, առհոսումները առաջանում են ուղեղում նեյրոկինին Բ կոչվող հորմոնի արտադրության պատճառով, որպես արձագանք էստրոգենի մակարդակի նվազմանը: Գիտնականները հայտնաբերել են, որ ներյոկինին Բ ստացող առնետների մոտ նկատվում է կանանց առհոսումներին համարժեք վիճակ, բայց երբ նրանք գտնվում են այդ հորմոնը ագելափակող նոր դեղամիջոցի ազդեցության տակ, բոլոր առհոսումները դադարում են:
Պարզվել է, որ AZD4901 անունով կոմպոնենտը, որն ի սկզբանե մշակվել էր շիզոֆրենիայի բուժման համար, ունակ է ազատել առհոսումներից: Նոր դեղամիջոցի փորձարկմանը 30 կին է մասնակցելու, որոնք 4 ամիս շարունակ կստանան նոր դեղամիջոցը կամ էլ պլացեբո:
Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ կինը դաշտանադադարի սկսվելուց հետո ստանում է հորմոնափոխարինող թերապիա, որը արհեստականորեն ավելացնում է էստրոգենի մակարդակը: Սակայն շատ կանայք հրաժարվում են ընդունել հորմոնալ դեղամիջոցներ, քանի որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ դրանք ավելացնում են սրտի հիվանդությունների, կրծքի ու արգանդի ուռուցքների հավականանությունը:






