Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան բաժանմունքի Կիսահաղորդիչների ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հեպատիտի եւ այլ վիրուսների արագ որոշման մեթոդ են ստեղծել: Որպես սենսոր օգտագործվում է կվարցային ռեզոնատոր, որի զգայունությունը թույլ է տալիս գրանցել մանրագույն մասնիկները եւ նույնիսկ միայնակ վիրուսները: Այդ մասին հաղորդել է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ֆյոդոր Դուլցեւը:
«Մեր մշակումն օգտագործելով` հնարավոր է ոչ միայն որոշել, թե արդյոք նմուշում հեպատիտ կա, այլեւ ուսումնասիրել մասնիկի կառուցվածքը: Պարզվել է, որ այդ վիրուսն իրենից ներկայացնում է իրար հետ թույլ կապված մասերից բաղկացած կառուցվածք», - գիտնականի խոսքերն է մեջբերում ՌԳԱ ՍԲ-ի «Գիտությունը Սիբիրում» պաշտոնական պարբերականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նովոսիբիրսկցի գիտնականների մեթոդի օգնությամբ կարելի է տարբեր տեսակի մանրէներին առանձնացնել եւ չափել մակերեւույթի հետ նրանց կապի ուժը. այն պահին, երբ մասնիկներն անջատվում են մակերեւույթից, մասնագետները հատուկ ակուստիկ ազդանշան են բաց թողնում: Այդ ամենն օգնում է արձանագրել միայնակ վիրուսներին եւ ֆագերին (վիրուսներին, որոնք ընտրողաբար վնասում են մանրէական բջիջները):
Մշակումը թույլ է տալիս բազմազան խնդիրներ լուծել, որոնք պահանջում են չափել մասնիկներին մակերեւույթի հետ կապող ուժերը: Հեպատիտի որոնումը եւ հետազոտությունը սկսելուց առաջ, այն արդեն օգտագործել են ԴՆԹ-ի կրկնակի պարույրի ոլորքը քանդելու համար:
Այժմ գիտնականները MBA Technology ընկերության հետ միասին կրելի սարք են մշակում, որի օգնությամբ հնարավոր լինի արագ անալիզ իրականացնել եւ որոշել, թե արդյոք ուսումնասիրվող նմուշում վիրուս կա: Դուլցեւի խոսքով, ապագա արտադրանքի արժանիքներից է սարքային պարզ հատվածը, նմուշների ոչ բարդ նախապատրաստությունը անալիզին:
Սարքի փորձարարական խմբաքանակի պատրաստումը հնարավոր է արդեն եկող տարի. այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե որքան մատչելի կլինի դրա արժեքը: Հեղինակները պնդում են, որ վիրուսների որոշման արդյունավետությունն ավելի փոքր չի լինի, քան թանկարժեք մեթոդիկաներինը:






