Բժշկական ապահովագրությունը օտարերկրացիների Ռուսաստան մուտք գործելու պարտադիր պայման կդառնա: Դրա առկայությունը կստուգեն սահմանային կետերում: «ՌԴ-ից մեկնման եւ ՌԴ մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքում համապատասխան փոփոխությունները մշակվել են ՌԴ Առողջապահության նախարարության կողմից եւ հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում: Այս փուլում փաստաթուղթը հանրային քննարկում է անցնում, հաղորդում է «Մեդիկֆորումը»:
Ռուսաստանում կեցության ընթացքում օտարերկրյա քաղաքացին պարտավոր կլինի միշտ իր հետ ապահովագրական պոլիս ունենալ ռուսերեն կամ անգլերեն: Ապահովագրության մեջ պիտի նշվի ապահովագրական ռիսկերի ցանկը, ապահովագրական գումարը, հեռախոսահամարը, որով պետք է զանգել արտակարգ կամ անհետաձգելի օգնության կամ էլ ապահովագրված անձի մահվան (զոհվելու) դեպքում: Առողջապահության նախարարությունն առաջարկում է պոլիսի համար ապահովագրական գումարի չափը սահմանել երկու մլն ռուբլի:
Բժշկական պոլիսը Ռուսաստանի տարածքում պիտի ուժի մեջ լինի առնվազն երկրում օտարերկրացու կեցության ժամանակահատվածում: Եթե օտարերկրացին չի որոշել Ռուսաստանում կեցության տեւողությունը, բժշկական ապահովագրությունը պիտի ուժի մեջ լինի առնվազն 90 օր:
Ինչպես նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», բժշկական պոլիսի բացակայության պարագայում, օտարերկրացուն թույլ չեն տա անցնել պետական սահմանը նույնիսկ այն դեպքում, եթե նա լիովին առողջ է եւ մնացած բոլոր փաստաթղթերը կարգին են:
Հիշեցնենք, որ այժմ պոլիսը Ռուսաստան մուտքի պարտադիր փաստաթուղթ չի համարվում: Իսկ Ռուսաստանում աշխատանքի արտոնագիր ստանալու համար միգրանտները պիտի կամավոր բժշկական ապահովագրության պոլիս գնեն ՌԴ-ի տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:






