Հայ հասարակությունը սկսել է ազատվել հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող կարծրատիպերից. եթե անցյալում շատերը մտածում էին, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ միայն օգնության եւ խղճահարության կարիք ունեն, այսօր գնալով ավելի շատ մարդիկ են նրանց ընկալում որպես հասարակության մասնիկ: Սակայն անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարողանան ամբողջությամբ ինտեգրվել եւ ապրել լիարժեք կյանքով: Այդ մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ելույթ ունենալով Հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով ազգային հանձնաժողովում:
Նիստի ընթացքում Երեւանի եւ շրջանների հանձնաժողովները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրացիայի ոլորտում անցյալ տարի իրականացված աշխատանքների արդյունքները: Քննարկել են նաեւ 2016 թվականի պլանները:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարը հիշեցրել է, որ 2016-ը հռչակվել է հավասար հնարավորությունների տարի, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է երկրում դեռեւս շատ միջոցառումներ եւ ծրագրեր իրականացնել, որպեսզի հաշմանդամությամբ մարդկանց իրոք հավասար հնարավորություններ տրվեն: Մասնավորապես, դեռեւս շատ բան պիտի արվի բարձրագույն կրթության ոլորտում. նախատեսված է այս տարի գնահատել հայկական ԲՈՒՀ-երի վիճակը որպեսզի ծրագրեր կազմվեն դրանք հաշմանդամությամբ մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու:
Հաշմանդամությամբ մարդկանց սոցիալական ինտեգրացիայի ծրագրերն իրականացվում են երկրի ամբողջ տարածքում, սակայն ինչպես հնարավոր է նկատել, արդյունքներն ամենուր միանման չեն. եթե Երեւանն ամեն տարի ավելի մատչելի եւ հարմար է դառնում հաշմանդամության տարբեր ձեւեր ունեցող մարդկանց համար, հեռավոր գյուղերում այդ գործընթացն այնքան էլ ակնհայտ չէ: Նախարարի խոսքով, այդ տարբերությունը կարող է կապված լինել մայրաքաղաքի եւ երկրի մարզերի ֆինանսական հնարավորությունների տարբերությունների հետ: Շատ աշխատանքներ եւ ծրագրեր իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին եւ տարբերվում են հեռավոր գյուղերի հնարավորություններից: Ճիշտ է, պետական միջոցների հաշվին իրականացվող պետական ծրագրերը միանման կերպով իրականացվում են երկրի բոլոր շրջաններում, ընդգծել է նախարարը:






