2015-ին Երեւանում հաշմանդամությամբ երեխաների սոցիալական ինտեգրացիայի ծրագրի շրջանակում 360 նոր թեքահարթակ են տեղադրել եւ 8 ձայնային լուսացույց: Այդ մասին լրագրողներին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա խոսքով, 2015-ի ծրագրի բոլոր կետերը կատարվել են: Մասնավորապես.
• Հաշմանդամությամբ 23 000 մարդ օգտվել է սոցիալական ծրագրերից:
• Համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել փողոցներն ու շենքերը հաշմանդամությամբ մարդկանց համար ավելի մատչելի եւ հարմարավետ դարձնելու համար: Արդյունքում 360 թեքահարթակ են տեղադրել: Ճիշտ է, քաղաքներում դեռ շատ անհարմար եւ անմատչելի շինություններ եւ խաչմերուկներ կան. նախատեսված է այնտեղ թեքահարթակներ տեղադրել արդեն 2016-ին: Բացի այդ, 90 մասնավոր ընկերություն քաղաքապետարանի խնդրանքով թեքահարթակներ են տեղադրել իրենց շինությունների մուտքի մոտ: Փոխքաղաքապետը նաեւ նշել է, որ հանրային շինությունների ճարտարապետական նոր նախագծերը հավանության չեն արժանանա, եթե թեքահարթակներ չներառեն:
• Երեւանի 8 խաչմերուկում ձայնային լուսացույցներ են տեղադրել, որոնք վատ տեսնող մարդկանց կօգնեն կողմնորոշվել:
• 10 տրանսպորտային միջոց զինվել է հատուկ վերելակներով եւ այսօրվա դրությամբ 20 ավտոբուս ավելի հարմարավետ է դարձել հաշմանդամությամբ մարդկանց համար: 200 ավտոբուս կանգառների մասին ձայնային հաղորդագրության համակարգ է ստացել:
• 1800 երեխա ներգրավվել է ներառական կրթության համակարգում:
Ինչպես նշել է քաղաքապետի տեղակալը, այդ բոլոր ծրագրերը պիտի տեւական բնույթ կրեն, որպեսզի Երեւանն ավելի հարմարավետ եւ մատչելի դառնա հաշմանդամության բոլոր տեսակներով մարդկանց համար:






