Երեւանում այս պահին կա 20 ավտոբուս, որոնք սարքավորված են հաշմանդամների սայլակով տեղաշարժվող մարդկանց համար վերելակներով ու այլ հարմարություններով: Սակայն այդ ավտոբուսները, ինչպես նշեց Երեւանի քաղաքապետ Կամո Արեյանը, առանձնապես մեծ պահանջարկ չեն վայելում հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից:
Ինչո՞ւ են քչերն օգտվում այդավտոբուսներից, եթե դրանք, մասնագետների խոսքով, շատ հարմարավետ են:
Ինչպես նշեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, այդ ավտոբուսները իրոք շատ հարմարավետ են, ընդ որում ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց այլեւ մանկական սայլակներով ծնողների համար, որոնք դժվարանում են այդ սայլակները սովորական ավտոբուս բարձրացնել: Խնդիրը,սակայն, տեղեկության պակասն է ՝ ավաղ հաշմանդամություն ունեցողներից շատերը դեռ չգիտեն, որ քաղաքում նման ավտոբուսներ կան: Եվ ոչ բոլորն են տեղյակ, թե երբ ու որտեղով են դրանք երթեւեկում:
Հասարակական գործչի խոսքով մեկ այլ խնդիր էլ այն է, որ 20 ավտոբուսը մեծ քաղաքի համար իրականում քիչ է, դրանք ոչ բոոր ուղղություններով են երթեւեկում, ու հաշմանդամություն ունեցողները երբեմն ստիպված են լինում ժամերով սպասել դրանց: Բացի դրանից շատ հաշմանդամներ ապրում ու աշխատում են այդ ավտոբուսների կանգառներից բավականին հեռու,դրա համար էլ նրանց համար խնդիր է դառնում մոտակա կանգառին հասնելը:
Այս բոլոր հարցերը Արմեն Ալավերդյանի խոսքով, համալիր մոտեցումներ ու լուծումներ են պահանջում:






