Հայաստանում 3 տարին մեկ անգամ հաշմանդամություն ունեցող մարդիկ անվճար հաշմանդամի սայլակներ են ստանում, սակայն այդ սայլակները բավականաչափ լավորակ չեն եւ ոչ միշտ են համապատասխանում կոնկրետ մարդու պահանջներին: Այդ պատճառով, ինչպես կարծում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, անհամեմատ ավելի ճիշտ կլիներ երկրում ներդնել վաուչերային համակարգ, որպեսզի մարդիկ կարողանան իրենք ընտրել իրենց սայլակը:  

Հարցն այն է, որ ամեն մարդ սեփական պահանջմունքներն ու պահանջներն ունի հաշմանդամի սայլակի չափերի եւ գործառույթների առումով: Կան նաեւ մարդիկ, որոնք չեն կարողանում ձեռքով կառավարել այդ սայլակները, այդ պատճառով էլեկտրական սայլակի կարիք ունեն: 

Եթե նման մարդկանց ոչ թե պատրաստի սայլակներ տրամադրվեն, այլ սայլակների գնման վաուչերներ, նրանք կկարողանան ինքնուրույն ընտրել իրենց պահանջներին համապատասխանող հարմար սայլակներ: Ավելին, վաուչերային համակարգը կնպաստի առողջ մրցակցության զարգացմանը, ինչը հաշմանդամների համար սարքավորումներ արտադրողներին կստիպի բարելավել իրենց արտադրանքի որակը: 

Այդ պրակտիկան, ինչպես նշել է Արմեն Ալավերդյանը, այսօր կիրառվում է աշխարհի շատ երկրներում եւ իրեն լավ է դրսեւորել: 

Մեկնաբանելով լրագրողի հարցերը հաշմանդամություն ունեցող մարդկանց` իրենց տրամադրվող սայլակներից դժգոհության վերաբերյալ` Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արմեն Ասատրյանը նշել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ` բարձրացնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց պետության կողմից տրամադրվող սարքավորումների որակը: Սարքավորումների տեխնիկական բնութագրերի կազմման աշխատանքներում ներգրավել են նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչների:  

Նախարարի խոսքով, այս տարվա հաշմանդամի սայլակներն արդեն գնվել են եւ դրանք իրենց որակով չեն զիջում նրանց, որոնք առաջարկվում են շուկայում կամ տրվում են հաշմանդամությամբ մարդկանց այլ երկրներում: