Լեյշմանիոզից մահացած  9 ամսական աղջկա մոտ չափազանց ուշ էին ախտորոշել հիվանդությունը, ինչը զգալիորեն նվազեցրել էր ապաքինման նրա շանսերը: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է բժիշկ վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը:  

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին աղջկա ծնողները նրան 37.2 աստիճան ջերմությամբ տարել են բնակության վայրի ամբուլատորիա, ինչից հետո, երբ ջերմությունը բարձրացել է մինչեւ   38, նրան տեղափոխել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:  Այնտեղ աղջիկը մնացել է 8 օր, ինչից հետո նրան այտուցներով եւ քաշի պակասով տեղափոխել են Երեւան`   «Մուրացան» հիվանդանոց: Այնտեղ մասնագետները ոսկրածուծի հետազոտություն են կատարել, բայց հիվանդությունն առաջին անգամից հայտնաբերել չի հաջողվել : Հետո մասնագետները, հասկանալով, որ երեխայի բոլոր ախտանիշներն այնուամենայնիվ վիսցերալ լեյշմանիոզ են մատնանշում, երկրորդ պունկցիան են կատարել եւ հայտնաբերել են հիվանդության հարուցիչը: Աղջկան ծայրաստիճան ծանր վիճակում տեղափոխել են  «Նորք» վարակիչ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը ժամանակին ախտորոշելու  դեպքում հեշտորեն բուժվում է: Դրա բուժման դեղամիջոցներն այսօր Հայաստանում մատչելի են եւ երեխաներին անվճար են տրամադրվում: Սակայն երբ հիվանդությունը չափազանց ուշ է ախտորոշվում, հասցնում է զգալի վնաս հասցնել երեխայի առողջությանը եւ մահացու ելքի հավանականությունը զգալիորեն մեծանում է:  Հենց այդ պատճառով, ինչպես նշել է Հռիփսիմե Ապրեսյանը, այդքան կարեւոր է ժամանակին ախտորոշել այդ հիվանդությունը եւ երեխային բուժման ուղարկել: 

Եվ երեխայի մայրը, եւ պոլիկլինիկայի բժիշկը պիտի ուշադիր լինեն եւ ուշադրություն դարձնեն հիվանդության առաջին ախտանիշներին, որոնք կարող են բավականին  «մեղմ» թվալ. նախ երեխայի մոտ կարող է ախորժակի կորուստ լինել, ընդհանուր թուլություն, փոքր ջերմություն: Հետո նրա արյան մեջ սկսվում են անկում ապրել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների ցուցանիշները, ջերմությունը բարձրանում է: Մեծանում է երեխայի փորը, որովհետեւ լյարդի եւ փայծաղի չափերը մեծանում են: 

Վերջին տարիներին, ինչպես նշել է Հռիփսիմե Ապրեսյանը, դեպքեր են եղել, երբ հիվանդությունն ախտորոշել են ախտանիշների ի հայտ գալուց   5-7 օր հետո: Այդ դեպքում հիվանդությունը բավականին հաջող բուժվել է: Դժբախտաբար, շատ հաճախ ուշացած դեպքեր են լինում, երբ հիվանդությունը հայտնաբերում են մեկ ամիս անց, եւ երեխաները ստացիոնարում են հայտնվում  արդեն ծայրաստիճան ծանր վիճակում: