Կատարակտի առաջացման ռիսկն ավելի նվազ է այն տղամարդկանց դեպքում, որոնք պոլիվիտամիններ են ընդունում, ցույց է տվել Ամերիկայի Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների խմբի կատարած նոր հետազոտությունը:
Հետազոտությանը մասնակցել է 14 641 տղամարդ բժիշկ, նրանց կեսը 1997-2011թթ.-ի ընթացքում ամեն օր պոլիվիտամիններ՝ վիտամին C, վիտամին E եւ բետա կարոտին է ընդունել: Մյուս կեսն ընդունել է պլացեբո: Հետազոտության ընթացքում պլացեբո ընդունած 872 տղամարդ հիվանդացել է կատարակտով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական կատարակտի զարգացման ռիսկը նվազել է 9%-ով, իսկ ավելի տարածված՝ ծերունական կատարակտի զարգացման ռիսկը՝ 13 %-ով:
«Եթե պոլիվիտամիններն իսկապես նվազեցնում են կատարակտի առաջացման ռիսկը նույնիսկ 10 %-ով, նույնիսկ այդ փոքր նվազումը մեծ նշանակություն ունի հասարակական առողջապահության համար»,- ասում է հետազոտող Ուիլյամ Քրիստենը, փոխանցում է Newsmax Health-ը:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչու են պոլիվիտամինները նվազեցնում կատարակտի առաջացման ռիսկը, բայց ենթադրում են, որ դա հակաօքսիդանտների շնորհիվ է, քանի որ կատարակտի առաջացման պատճառը կարող է թթվային սթրեսը լինել:






