Հոգեկան առողջության հիմնարկների, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, առաջատար մասնագետների, ֆինանսիստների, դեղատնտեսագետի մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին 2014թ. Ավան հոգեկան առողջության կենտրոնում հիվանդների շրջանում Օլանզապին-Զիպրեքսա եւ Օլանզապին-Զոլաքսա դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների ռետրոսպեկտիվ գնահատման նպատակով կատարված հետազոտության արդյունքները։ Զիպրեքսա եւ Զոլաքսա դեղն ընդունած մոտ 300 հիվանդի ներգրավմամբ երկու առանձին խմբում կատարվել են ուսումնասիրություններ` հաշվի առնելով բուժման ընթացքում կողմնակի ազդեցությունների, հոսպիտալացման եւ խնամքի ցուցանիշները։ Նշվեց, արդյունքները խոսում են Զիպրեքսայի արդյունավետության մասին։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում գրանցվել է Զոլաքսա դեղի կողմնակի ազդեցության 43 դեպք։

Այս ամենը վկայակոչելով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատները տարբեր ատյաններում իրենց հիվանդներին անվճար «Զիպրեքսա» հոգեմետ դեղով ապահովելու հարց են բարձրացնում` պնդելով, որ այն առավել արդյունավետ եւ որակով է:

Մասնագետները նաեւ շեշտադրեցին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, քան այլ հիվանդների մոտ պլացեբո ազեցությունն անհամեմատ ավելի բարձր է։

Հնչեցին խնդրին լուծում տալու տարբեր առաջարկներ։ Նախարարը` կարեւորելով խնդրի սոցիալական նշանակությունը, հանձնարարեց համադրել առկա փաստերը, խորհրդակցել հոգեբույժների լայն խմբի հետ եւ առաջարկություններ ներկայացնել գործող օրենսդրության շրջանակներում խնդրի լուծման ուղղությամբ։

Քննարկվեց նաեւ խնդրի հեռահար լուծման նպատակով բանակցությունների արդյունքում Զիպրեքսա դեղը եւս անմիջապես արտադրողից ձեռք բերելու հարցը։