Այսօր Հայաստանում ծայրաստիճան քիչ են կույր եւ թույլ տեսողությամբ աշխատողների արտոնություններն ու փոխհատուցումները, եւ նրանց համար աշխատատեղեր ստեղծելն ու պահպանելը շատ բարդ է: Ճիշտ կլիներ հարկերից ազատել այն արտադրությունները, որոնցում հաշմանդամություն ունեցող մարդիկ են աշխատում, կարծում է Հայաստանի Կույրերի միավորման փոխնախագահ Ֆրոնտ Դանիելյանը:
«Չի կարելի, որ կույրերը, որոնց համար ամենից ավելի դժվար է աշխատանքի տեղավորվելը, հարկվեն մյուսների նման», - նշել է նա:
Ֆրոնտ Դանիելյանի խոսքով, Հայաստանում այսօր կույր եւ թույլ տեսողությամբ մոտ 2000 մարդ կա: Նրանցից ընդամենը մոտ 130-ն է աշխատում կույրերի միավորման ձեռնարկություններում, որոնք ընդամենը 230 աշխատակից ունեն:
Անցյալում միավորման ձեռնարկությունները մեծ արտադրություն ունեին եւ իրենց արտադրանքն արտահանում էին ԽՍՀՄ-ի երկրներ, նշել է Ֆրոնտ Դանիելյանը: Նրա խոսքով, կույրերի համար հարմար է նման արտադրությունում աշխատելը. այնտեղ նրանց համապատասխանող շատ աշխատանք կա: Այսօր նրանք շարունակում են ցածրվոլտային սարքեր արտադրել եւ արտահանում են միայն Ռուսաստան: Նոր արտադրանք տալու, նոր աշխատատեղեր բացելու եւ արտադրությունն ընդլայնելու հնարավորություն չկա:
ԽՍՀՄ-ի օրոք, Ֆրոնտ Դանիելյանի խոսքով, չէին հարկվում այն արտադրությունները, որտեղ հաշմանդամությամբ մարդիկ էին աշխատում, նրանց սոցիալական վճարներն էլ այլ էին: Այսօր այդ ամենը փոխվել է ոչ դեպի լավը, ընդգծում է Դանիելյանը: Ավելին, միությունը ստիպված է իր տարածքները վարձակալության տալ:






