Հայաստանի առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարել է Կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում կանայք հնարավորություն կստանան անվճար մասնագիտական խորհրդատվություն ստանալ, հարկ եղած դեպքում բուժվել կամ նույնիսկ վիրահատվել։ Այս մասին փետրվարի 27-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

«Երեւանի առաջատար կլինիկաների մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներն ու բուժ հիմնարկները՝ մարզերում եւ Երեւանում։ Կատարվելու են հետազոտություններ, հիվանդանոցային բուժօգնություն, նաեւ վիրահատություններ, որոնք իրականացվելու են անվճար», - նշել է Վահան Պողոսյանը։

Ինչպես նշեց նախարարի տեղակալը, կանայք կարող են այցելել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի քաղաքների բուժհաստատությունները, իսկ գյուղաբնակ կանայք պետք է գնան քաղաք, քանի որ որակյալ հետազոտությունների համար անհրաժեշտ են գործիքներ եւ լաբորատորիաներ, որոնք գյուղերում չկան։

 «Մենք աշխատել ենք մատչելիություն ապահովել, որպեսզի ոչ թե մարզի բնակիչները գան Երեւան, այլ Երեւանի մասնագետները գնան մարզ», - ասել է Պողոսյանը։

Իսկ եթե մարզաբնակ կնոջ մոտ հայտնաբերվեն այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն Երեւանում, ապա նրան կուղեգրեն մայրաքաղաքի մասնագիտացված կենտրոններից մեկը։

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին նշել է, որ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում հասանելի կլինեն ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգներ, այլ նաեւ այլ մասնագետներ, մասնավորապես՝ ակնաբույժներ, նյարդաբաններ, սրտաբաններ եւ էնդոկրինոլոգներ, որոնց տրամադրելու են համապատասխան պրոֆիլային բժշկական կազմակերպությունները։