Օրը 8 ժամից եւ շաբաթը 45 ժամից ավելի արտաժամյա աշխատանքը վտանգավոր է սրտի համար եւ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:  Այդ մասին հայտնում են University of Texas Health Science Center-ի գիտնականները: 

Մասնագետներն արդեն վաղուց են ասում, որ աշխատամոլությունը վտանգավոր է առողջության համար: Ճիշտ է, նախկինում աշխատամոլության եւ առողջական խնդիրների միջեւ կապը բացատրվում էր նրանով, որ աշխատող  շատ մարդիկ հոգ չեն տանում իրենց, ծխում են, վատ են սնվում, նստակյաց եւ անառողջ կենսակերպ են վարում: 

Իսկ ներկայիս հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ եթե արտաժամյա աշխատող մարդը կանոնավոր կերպով սպորտով զբաղվի, ճիշտ սնվի, չծխի եւ ալկոհոլ չօգտագործի, նրա սրտանոթային համակարգը միեւնույն  է` կտուժի աշխատանքի չափազանց մեծ քանակության պատճառով: 

Հետազոտության շրջանակում գիտնականները տվյալներ են ուսումնասիրել 18 եւ ավելի տարեկան  1900 աշխատող ամերիկացու վերաբերյալ, որոնք մասնակցում էին ԱՄՆ-ի բնակչության առողջության ուսումնասիրման մեկ այլ խոշոր նախագծի   Panel Study of Income Dynamics-ին, որը մեկնարկել էր դեռեւս 1968-ին: 1986-ից ի վեր նախագծի մասնակիցների 43 տոկոսի մոտ սրտանոթային տարբեր հիվանդություններ էին ախտորոշվել, որոնց թվում ամենատարածվածները սրտի իշեմիկ հիվանդությունն էր, սրտային անբավարարությունը, սրտի եւ ուղեղի կաթվածները: 

Կենսակերպի եւ աշխատավայրում մասնակիցների անցկացրած ժամերի վերաբերյալ տվյալները համադրելով` գիտնականները հասկացել էին, որ այն մարդկանց մոտ, որոնք  առնվազն տասը տարի շարունակ շաբաթը   45 ժամից ավելի էին աշխատում (եւ օրը 8 ժամից ավելի) զգալիորեն ավելանում էր սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: 

«Կարեւոր է կանխարգելման ծրագրերում հաշվի առնել այդ գործոնը, չէ որ դա կօգնի պաշտպանել աշխատող մարդկանց առողջությունը: Այդ մասին պիտի հիշեն նաեւ գործատուները: Աշխատակիցների առողջությունն ամենակարեւորն է », - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, համաճարակաբան Սեդի Կոնվեյը: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Occupational and Environmental Medicine ամսագիրը: