Ժամանակակից երեխաները գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ եւ ավելի քիչ` փողոցում, այդ պատճառով տեսողության խնդիրներով երեխաների թիվը տարեցտարի աճում է: Ինքը` երեխան կարող է չհասկանալ, որ իր տեսողությունը վատացել է: Բայց կան մի շարք ախտանիշներ, որոնցով ծնողները կարող են երեխայի մոտ տեսողական խնդիրներ արձանագրել:  

1. Երեխան նայելիս փակում է  մի աչքը

Եթե երեխան խաղի ընթացքում փակում է մի աչքը, դրանում ամենայն հավանականությամբ սարսափելի ոչինչ չկա, բայց եթե դա անում է ընթերցելիս կամ հեռուստացույց դիտելիս, ցանկալի է նրան ակնաբույժի մոտ տանել:   

2. Երեխան հաճախ է թեքում գլուխը 

Եթե երեխան հաճախ է թեքում գլուխը ինչ-որ բան տեսնելու համար, եթե նրա համար դժվար է ուսումնասիրել առարկաները, երբ գլուխն ուղիղ դիրքում է, դա եւս կարող է տեսողական խնդիրների ազդանշան լինել: 

3. Երեխան հաճախակի կկոցում եւ տրորում է աչքերը

Եթե երեխան հեռուստացույց դիտելիս կամ ընթերցելիս անընդհատ կկոցում է աչքերը եւ հաճախ առանց հատուկ պատճառի տրորում է, դա կարող է տեսողական խնդիրներ մատնանշել:  

4. Երեխան գլխացավեր ունի

Օրվա վերջում գլխացավից չափազանց հաճախակի բողոքները  եւս կարող են ակնաբույժին այցելության անհրաժեշտություն մատնանշել: 

5. Երեխան չի սիրում վառ լույս

Տեսողական որոշ խնդիրների պարագայում վառ լույսը մարդու համար տհաճ է դառնում. օրինակ` որովհետեւ աչքերի առաջ մուգ բծեր են ի հայտ գալիս: Եթե երեխան չի սիրում վառ լույս, անհրաժեշտ է պարզել` ինչու, աչքերը խնդի՞ր ունեն: 

6. Երեխան տեսնելու համար մոտենում է առարկային 

Տեսողական խնդիրներ ունեցող շատ երեխաներ էկրանը տեսնելու համար հեռուստացույցին կամ համակարգչին մոտենալու կարիք են ունենում: 

7. Երեխայի աչքերը կարմրել են

Երեխայի աչքերը կարող են կարմրել տարբեր պատճառներով, որոնք միայն բժիշկը կարող է պարզել: Գուցե վարակ է անցել աչքերի մեջ, գուցե այլ խնդիր կա: Այսպես թե այնպես, արժե խորհրդակցել ակնաբույժի հետ: