Հայաստանում 28 տարվա ընթացքում (1988-ից մինչեւ 2016-ի փետրվարի 29-ը) ՄԻԱՎ-ով վարակված 2279 մարդ է գրանցվել: Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում հաշվառման է կանգնած 1591 մարդ, որոնցից 973-ը հակառետրովիրուսային բուժում է ստանում: Այդ մասին լրագրողներին պատմել է բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:
Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 69 տոկոսը տղամարդիկ են, ընդ որում նրանց մեծամասնությունը (52 տոկոս) 25-39 տարեկան է: ՄԻԱՎ է հայտնաբերվել նաեւ 42 կնոջ մոտ: Հետաքրքիր է, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին բոլորովին էլ նույնասեռական բնույթի սեռական շփումները չեն կամ ներարկվող թմրանյութերը, ինչպես ընդունված է համարել, այլ հետերոսեքսուալ սեռական շփումները: Ավելին, վարակման դեպքերի 70 տոկոսն այս կամ այն կերպ կապված է աշխատանքային միգրացիայի հետ. հիվանդների 57 տոկոսը վարակվել է հենց այլ երկրներում աշխատելու ընթացքում (մասնավորապես` Ռուսաստանում, որտեղ ՄԻԱՎ-ը 4-5 անգամ ավելի է տարածված, քան Հայաստանում), եւս 13 տոկոսը նրանց զուգընկերն է եղել եւ իրենցից է վարակվել:
ՄԻԱՎ-ով ապրող գրանցված մարդկանց թվով Հայաստանում առաջատարը Շիրակի մարզն է: Երկրորդ տեղում Լոռին է, երրորդում` Գեղարքունիքը, որին հետեւում են Սյունիքը եւ Երեւանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման առաջին դեպքը գրանցվել է 1988-ին: Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ով 510 հիվանդ է մահացել:
Հաշվարկային տվյալներով Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով 3800 մարդ է ապրում եւ նրանց մոտավորապես 60 տոկոսն առայժմ չգիտե իր կարգավիճակը:






