Ավանդական մանրադիտակների անհասանելիության պայմաններում կարելի է սմարթֆոններ օգտագործել մաշկի քաղցկեղի ախտորոշման համար, պնդում են ԱՄՆ-ում Թեքսասի համալսարանի գիտնականները:
Շատ հեռավոր շրջաններում բժիշկների համար հաճախ մատչելի չեն բարձր ճշգրտությամբ մանրադիտակները, որոնք նրանց թույլ կտային մաշկի նմուշների անալիզ կատարել, ինչպես ասում են հետազոտության հեղինակները: Հետեւաբար, բժիշկները կարող էին սեփական սմարթֆոններն օգտագործել մաշկի հատվածների լուսանկարման համար, որպեսզի լուսանկարները մանրամասն ուսումնասիրման համար լաբորատորիա ուղարկեն:
Երբ խոսքը մաշկի քաղցկեղի ախտորոշմանն է վերաբերում, սմարթֆոններում առկա մանրադիտակները համեմատաբար ճշգրիտ են, ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Archives of Pathology & Laboratory Medicine ամսագրում:
Սմարթֆոնների համար մանրադիտակները կարող են պատրաստվել 3 մմ-անոց պլաստիկ ոսպնյակների օգնությամբ, որոնք ընդամենը 14 դոլար արժեն: Սովորաբար դրանք օգտագործվում են լազերային օպտիկայի համար: Մանրադիտակների աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է: Բժիշկը կամ լաբորանտը նման մանրադիտակը պահում է մաշկի ինչ-որ հատվածի վրա, հետո կիզակետացում է կատարում:
Եթե լուսանկարող բժիշկը փորձառու պաթոլոգ է, հենց նա էլ հաշվարկում է արդյունքները: Կամ էլ այս լուսանկարը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է պաթոլոգիական լաբորատորիա ուսումնասիրության համար: Հետազոտության ընթացքում գիտնականները մաշկի 1 021 նմուշի վրա ստուգել են նման մանրադիտակների արդյունավետությունը: Պարզվել է, որ սմարթֆոնների համար մանրադիտակները բավականին հուսալի են մաշկի քաղցկեղի ախտորոշման գործում:






