Մեծ Բրիտանիայում 34-ամյա կինը ծննդաբերության ընթացքում ընկերքի պատռվելու հետեւանքով 25 լիտր արյուն է կորցրել: Բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել հղիության 32-րդ շաբաթում:
Դեռեւս հղիության ընթացքում նրա մոտ ցածրադիր ընկերք էին ախտորոշել, ինչի դեպքում այդ օրգանը, որը երեխային օգտակար նյութեր է մատակարարում, աճի դադարեցման մասին ազդանշաններ չի ստանում: Տվյալ վիճակը կարող է մինչեւ ծննդաբերությունը եւ դրա ընթացքում ծանր արյունահոսության հանգեցնել: Նատաշան արգանդից արյունահոսություն է նկատել, ինչից հետո հիվանդանոց է տեղափոխվել:
Արգանդի պատռման հետեւանքով Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նատաշա Պոլակը ստիպված է եղել շտապ կեսարյան վիրահատության ենթարկվել, այնպես որ նրա երեխան ժամանակից 8 շաբաթ շուտ է ծնվել: Սակայն վիրաբուժական միջամտության ընթացքում բժիշկները նրա մոտ ընկերքի կպում էին նկատել` կյանքին սպառնացող վիճակ, որի պարագայում հիվանդի ընկերքը չափազանց խորը եւ չափազանց ամուր է կպած լինում արգանդին:
Հիվանդի մոտ այնքան ուժեղ արյունահոսություն էր սկսվել, որ բժիշկները 9 ժամանոց վիրահատության ընթացքում նրանից 25 լ արյուն էին քաշել: Մարդու օրգանիզմում ընդամենը 5 լ արյուն կա, բայց բժիշկներն անընդհատ կնոջը նոր արյուն էին ներարկում: Նրա մոտ եւս մի բարդացնող հանգամանք կար, որն արյանը թույլ չէր տալիս նորմալ մակարդվել:
Նրա որդին` Օլիվերը, չնայած ժամանակից շուտ էր ծնվել, բայց առողջ էր: Իսկ նրա մայրը ընկերքի պատռվելուց հետո ստիպված էր պայքարել իր կյանքի համար: Վիրահատություն կատարող բժիշկները խոստովանել են, որ իրենց պրակտիկայում մեկ հիվանդին արյան նման լայնածավալ փոխներարկում չէին կատարել, այնպես որ Նատաշան յուրօրինակ ռեկորդ սահմանեց: Այժմ նա շնորհակալ է արյան դոնորներին, որոնց շնորհիվ նա կարողացավ ողջ մնալ:






