Մեծ Բրիտանիայում կարգապահական պատասխանատվության է կանչվել բժիշկը, որը սխալմամբ հիվանդին վազէկտոմիա էր կատարել կարերի սովորական հեռացման փոխարեն: 

Վիրաբույժ-ուրոլոգ բժիշկ Նանիկրամ Վասվանին Լիվերպուլի Broadgreen Hospital-ից պիտի հեռացներ հիվանդի սպիացած հյուսվածքը, սակայն սխալների մի ամբողջ շարան հանգեցրել է այն բանին, որ բժիշկը վազէկտոմիայի պրոցեդուրա է իրականացրել:   Բժշկական դատարանի նիստին հայտնի է դարձել, որ հիվանդը վիրահատության էր եկել առավոտվա   7:30-ին: Նա պրոցեդուրայի անցկացմանը սպասում էր մեկ այլ տղամարդու հետ, որը հենց վազէկտոմիայի համար էր եկել:  

Երկու հիվանդի միջեւ կատաղի վեճ տեղի ունեցավ այն մասին, թե ով պիտի առաջինը հայտնվի վիրահատարանում:  Հիվանդանոցում սպասումների ցուցակը լավ չէր կարգավորված, այնպես որ երկու հիվանդի վեճը շատ արագ վերաճեց հայհոյախառն բառերի գործածությամբ վիճաբանության: Այդպիսով բժիշկն ինքնուրույն կատարեց իր ընտրությունը` հիվանդների բողոքների հիման վրա: 

Հենց այդ պատճառով բժիշկ Վասվանիի առաջ հայտնվեց մի հիվանդ, որի սպիացած հյուսվածքն էր անհրաժեշտ հեռացնել, բայց ինքը` բժիշկը, նրան համարում էր վազէկտոմիայի համար եկած հիվանդ:  Վիրաբույժը բժշկական կոպիտ սխալ  էր թույլ տվել, երբ ոչ միայն չէր ստուգել հիվանդի բժշկական թերթիկը, այլեւ նույնիսկ չէր հարցրել հիվանդի անունը: Բացի այդ, նա հիվանդանոցի ղեկավարությանը չէր հայտնել իր սխալի մասին, երբ գիտակցել էր դա:   Վիրահատությունից հետո բժշկի հետ հիվանդի թեժ վեճը եւս չէր հայտնվել հաշվետվությունում: 

Բժիշկն ընդունել է իր սխալը եւ այժմ բժշկական դատարանի անդամները կորոշեն, թե արդյոք բժշկին պիտի արգելեն գործունեություն իրականացնել, թե կընդունեն նրա ներողությունները: