Վերջին տարիներին Երեւանում եւ շատ շրջաններում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ՄԻԱՎ-ի եւ դրա կանխարգելման վերաբերյալ տեղեկություններ տարածելու նպատակով: Հաճախ այդ միջոցառումների շրջանակում շարժական կլինիկաներում նաեւ ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություններ են իրականացվում:  Երիտասարդությունը որքա՞ն պատրաստակամորեն է ստուգվում այդ լաբորատորիաներում:  

Ինչպես նշել է բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը, երկրի շատ շրջաններում մարդիկ դեռեւս ՄԻԱՎ-ի հետ կապված որոշակի բարդույթներ եւ կարծրատիպեր ունեն: Երեւանում, սակայն, իրավիճակն այլ է. այստեղ վերջին տարիներին այնքան էլ չեն ամաչում խոսել ՄԻԱՎ-ի մասին եւ թեստավորում անցնել, ինչպես նախկինում. տեղեկատվության մատչելիությունն այնուամենայնիվ իր դերը խաղացել է:  

Հայաստանի շրջաններում որոշ մարդիկ, Վարդան Արզաքանյանի խոսքով, վախենում են, թե թեստավորման դեպքում չի պահպանվի անանունությունը եւ գաղտնիությունը: Բնականաբար թեստավորման ընթացքում եւ դրանից հետո հիվանդների գաղտնիքները բացահայտելու մասին խոսք լինել չի կարող. մարդու առողջության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն գաղտնի է, սակայն եթե հիվանդները շատ են վախենում, որ իրենց քաղաքում կամ գյուղում ինչ-որ մեկը կիմանա իրենց կարգավիճակի մասին, կարող են գալ են անանուն ստուգվել Երեւանում` ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոնում: 

Ինչպես իր հերթին նշել է  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանը, երբ իրենց կազմակերպությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման եվրոպական շաբաթի շրջանակում առաջին անգամ հանրային միջոցառում էր անցկացնում, որը ՄԻԱՎ-ի թեստավորում էր ներառում, կազմակերպիչները մտածում էին, որ մարդիկ կվախենան կամ կշփոթվեն մոտենալ շարժական հիվանդանոցին: Բայց պարզվել է, որ ամեն ինչ այդքան բարդ չէ. միջոցառման շրջանակում ավելի քան   500 մարդ ՄԻԱՎ-ի էքսպրես թեստ անցավ եւ բնակչության կողմից ոչ մի բացասական վերաբերմունք չկար: 

Հաջորդ տարիներին համանման միջոցառումների ընթացքում թեստավորման պատրաստակամություն ունեցող մարդկանց քանակը գնալով ավելանում էր. շարժական կլինիկայի դռների մոտ նույնիսկ հերթեր էին գոյանում: 

Ավելին` 2015-ին «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառման ընթացքում Երեւանի փողոցներում 613 անցորդի մոտ ստուգել են ՄԻԱՎ-ի առկայությունը, իսկ որոշ երիտասարդներ, ՄԻԱՎ-ի թեստն անցնելով, հաջորդ օրերին էլ էին գալիս իրենց հետ բերելով ընկերներին եւ նրանց եւս առաջարկելով պարզել իրենց կարգավիճակը: Նրանցից ոմանք նույնիսկ կամավորության սկզբունքով օգնում էին միջոցառման կազմակերպիչներին, անծանոթ անցորդների ներգրավելով` պատմում էին, թե նրանք ինչու պիտի ստուգվեն: