Հայաստանի Գեղարքունիքի մարզում 2 լաբորատորիա կա, որոնցում հնարավոր է ՄԻԱՎ վարակի անվճար ստուգում անցնել: Այդ լաբորատորիաները, ինչպես պատմել է բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը, տեղակայված են Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններում եւ այնտեղ նաեւ այլ բուժկենտրոններից ուղարկված արյան նմուշներ են հետազոտվում:  

Այդ լաբորատորիաներում ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է բնակության վայրի պոլիկլինիկայից տեղեկանք ստանալ: Որոշ դեպքերում արյան անալիզ կարելի է հանձնել հենց պոլիկլինիկայում: 

Գեղարքունիքի մարզի քաղաքներ եւ գյուղեր երբեմն այցելում է նաեւ շարժական կլինիկան, որում հնարավոր է ՄԻԱՎ-ի, ինչպես նաեւ  В եւ С հեպատիտների եւ սիֆիլիսի էքսպրես թեստ անցնել: Այդ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն   20 րոպեից, իսկ թեստավորումը լիովին անանուն կլինի:

Եթե դուք Գեղարքունիքում եք ապրում, բայց չեք ուզում ստուգվել տեղի բուժկենտրոններում եւ չեք ուզում սպասել շարժական կլինիկայի հաջորդ այցին, կարող եք ՄԻԱՎ-ի անվճար թեստ անցնել Երեւանում` ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում: 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թվով երրորդն է: Ցուցակը գլխավորում է Շիրակի մարզը, երկրորդ տեղում Լոռին է, երրորդում` Գեղարքունիքը, նրան հետեւում են Սյունիքն եւ Երեւանը: 

Երեւում է` այդ մարզերում ՄԻԱՎ-ի տարածումը կապված է այն փաստի հետ, որ հենց այդտեղից են մարդիկ ամենից հաճախ գնում այլ երկրներում, մասնավորապես` Ռուսաստանում աշխատելու, որտեղ ՄԻԱՎ-ը   4-5 անգամ ավելի տարածված է, քան Հայաստանում: Հիշեցնենք, որ վարակման դեպքերի  70 տոկոսն այս կամ այն կերպ կապված են աշխատանքային միգրացիայի հետ. հիվանդների  57 տոկոսը վարակվել է հենց այլ երկրներում աշխատելու ընթացքում, եւս  13 տոկոսը` նրանց զուգընկերները, իրենցից են վարակվել: