Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցները մեկ օրվա մեջ երկու նամակ են հեղինակել իրենց ղեկավարի՝ Արեգա Հակոբյանի «իրական կերպարի» մասին։ Մեկը հասցեագրվել էր Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, պատճեներն էլ փետրվարի 26-ի ուշ երեկոյան ուղարկվել էին տարբեր խմբագրություններ։ Մյուսը հապճեպ պատրաստվել է այսօր, փետրվարի 27-ի առավոտյան, եւ կոչված է հերքելու առաջինը։ Հարց է առաջանում, ի՞նչ է կատարվում այս բուժհաստատությունում։
Առաջին նամակի հեղինակները նշել են, որ կազմում են «Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների գերակշիռ մասը», սակայն չունենալով ընտանիքները պահելու այլ միջոց, որոշել են «դեռեւս չհայտնել անձնական տվյալները»։
Դիմելով նախարար Դերենիկ Դումանյանին, նրանք խնդրել են նախարարի «աջակցությունը եւ օգնությունը` «Արեգա Հակոբյան» պատուհասից Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցներիս ազատելու համար»:
«Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, բնակչության հոգեկան առողջության համար կարեւորագույն նշանակություն ունեցող եւ իր կողմից ղեկավարվող բուժհաստատությունը որպես «դուքան», իսկ իր պաշտոնը` որպես «խոպան» դիտարկող անձն իրավունք չունի գտնվել մեկ շարքում բարեխիղճ, հմուտ, հարգանքի արժանի, իրենց հիվանդների ապաքինմամբ մտահոգ եւ հոգատար բժիշկների հետ։ Արեգա Հակոբյանը հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդին, հիվանդի հարազատին եւ նույնիսկ իր ղեկավարությամբ աշխատող բժշկին դիտարկում է միայն որպես եկամտի աղբյուր` քայլող-խոսող թղթադրամ», - պնդում են նամակագիրները, եւ ներկայացնում իրենց ղեկավարի «իրական կերպարը»՝
Կլինիկայում աշխատող բուժանձնակազմի գերակշիռ մասի նկատմամբ Արեգա Հակոբյանը դրսեւորում է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական եւ անհարգալից վերաբերմունք, անընդհատ ուշացումով է գալիս աշխատանքի եւ բժիշկներին սպասեցնում է իր դռան առջեւ, կլինիկայի խնդիրներից բացարձակ անտեղյակ է, «վճարունակ» հիվանդներին նրա «թեթեւ ձեռքով» առողջ են ճանաչում, ինչի շնորհիվ նրանք մեքենա վարելու եւ անգամ զենք կրելու իրավունք են ստանում, հոգեբուժական դիսպանսերում հաշվառման մեջ չգտնվելու մասին տեղեկանքները վաճառվում են 5.000 դրամով։
«Հավանաբար դրա շնորհիվ էլ մեկ տարվա ընթացքում ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող կլինիկայի ղեկավարը կարողացավ Բալահովիտի մերձակայքում կառուցել իր շքեղ ամառանոց-առանձնատունն ու կահավորել այն», - ասվում է նամակում։
«Հ.Գ. Հաշվի առնելով վերոհիշյալ անձին բնորոշ որոշ հատկանիշները, նրա ունեցած բարեկամական-ընկերական-սիրային լուրջ կապերը` գրությունը թողնում ենք անստորագիր` հայցելով Ձեր ներողամտությունը», - այս տողերով է ավարտվում նախարարին հասցեագրված նամակը։
«Այդ ամենը հերհուրանք է, սուտ, ես չեմ կարող ասել, թե նամակը գրելու ինչ պատճառներ կային», - այսպես մեկնաբանեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս նամակը Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Արեգա Հակոբյանը։
Տիկին Արեգան չունի որեւէ ենթադրություն, թե ով է կանգնած այս նամակի հետեւում։ «Դե գուցե ինչ-որ մեկը չկամություն է անում, բայց մեր կոլեկտիվը այսօր հավաքվել եւ գրել է պատասխան նամակ», - ասաց նա, հավելելով, որ «անանուն նամակներին, որպես կանոն, չեն արձագանքում, պարզապես մեր բժիշկներն այնքան վրդովված էին, որ որոշեցին արձագանքել»։
Այսպիսով, «վրդովված կոլեկտիվը» իր երկրորդ նամակում, կրկին ներկայացրել է ղեկավարի «իրական կերպարը», որն այս անգամ այսպիսին է. «Իր պաշտոնավարման ընթացքում Ա. Հակոբյանը դրսեւորել է իրեն որպես հմուտ, խիստ, միեւնույն ժամանակ արդար ղեկավար, որը մշտապես մտահոգ է ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության բարձր որակի եւ կլինիկայի բնականոն գործունեության ապահովմամբ։ Համոզված ենք, որ այս հերհուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին այլ նաեւ բարեխիղճ բժիշկներին, որոնք կատարել են իրենց ղեկավարի օրինական եւ արդար պահանջները»։ Կոմերիտա-սովետական ոճական բոլոր կանոններին համապատասխան այս գրությունը, որը ստորագրել են բուժհիմնարկի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ, ավարտվում է համոզմունքով, որ «այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, որոնք զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց»։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարությունում իրավիճակից տեղյակ են, ու իրենց մասնագետներից մեկն այդ հարցով զբաղվում է։






