Դաունի համախտանիշով մարդկանց պետք է հասկանալ, ոչ թե խղճալ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանը: 

Դաունի համախտանիշով մարդիկ, մասնագետի կարծիքով, իրենց ուժեղ եւ թույլ կողմերն ունեն, ինչպես բոլորը: Եթե ծնողները փնտրեն եւ զարգացնեն նման համախտանիշով երեխայի ուժեղ կողմերը, լիովին հնարավոր է, որ նա կարողանա շատ բանի հասնել: Ներառական դպրոցը եւ խելացի երեխաների հետ շփումը եւս կնպաստեն Դաունի համախտանիշով երեխայի զարգացմանը: Այդ նույն երեխան անհամեմատ ավելի քիչ բանի կհասնի եւ ավելի դանդաղորեն կզարգանա, եթե աճի մանկատանը, նշել է գենետիկը: 

Եթե միջին վիճակագրական երեխայի ինտելեկտի գործակիցը 70 է, Դաունի համախտանիշով երեխայի ինտելեկտը կարող է լինել 45-75-ի սահմաններում: Այսինքն, ինչպես նշել է Գոհար Շահսուվարյանը, եթե այդ երեխայի հետ զբաղվեն, նրան ժամանակ եւ ջանքեր տրամադրեն, նա այնքան էլ վատ ներուժ չունի: 

Այսօր Դաունի համախտանիշով մարդիկ հաճախ մեծ հաջողությունների են հասնում ամենատարբեր ոլորտներում. վերջերս, օրինակ, Դաունի համախտանիշով տղան բոդիբիլդինգի մրցությանը 5-րդ տեղն էր զբաղեցրել: Նման համախտանիշով նաեւ ուսուցիչներ եւ դերասաններ կան:

Հիշեցնենք, որ Դաունի համախտանիշը գենոմային պաթոլոգիա է, որի դեպքում կարիոտոպը ներկայացված է 47 քրոմոսոմով նորմալ` 46-ի փոխարեն. 21-րդ զույգի քրոմոսոմները, նորմալ երկուսի փոխարեն, երեք պատճեն ունեն: 

Դաունի համախտանիշով է ծնվում մոտավորապես 1 երեխան 600-800-ից: