Հղիության ժամանակ փոփոխությունները սրտում եւ արյունատար անոթներում մեծացնում են ճնշումը սրտի վրա: Ուստի հիվանդ սիրտ ունեցող կանայք պետք է նախքան հղիանալու որոշում ընդունելն իրենց բժշկի հետ քննարկեն հնարավոր ռիսկային գործոնները:

Քանի որ հղիության ժամանակ կանանց արյան ծավալը մեծանում է, սիրտը մեկ րոպեում ավելի շատ արյուն է մղում, հետեւաբար մեծանում է նաեւ սրտի կծկումների հաճախությունը:

Հղիության ժամանակ ճնշումը սովորաբար ընկնում է, ուստի նույնիսկ ամենաառողջ կանայք գլխապտույտ են զգում:

Հիվանդ սրտով կանայք պետք է մինչեւ հղիությունը եւ հղի ժամանակ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն: Սրտի որոշ հիվանդություններ կարող են մեծացնել բարդությունների ռիսկը:

Միջնախասրտային միջնապատի արատը (ՄՄԱ), փորոքային միջնապատի արատը (ՓՄԱ) եւ բաց զարկերակային ծորանը (ԲԶԾ) սրտի առավել տարածված բնածին արտաներն են:

Սրտի այսպիսի արատներով հիվանդների միջնապատի (սրտի աջ եւ ձախ մասերը բաժանող մկանային պատ) մեջ բացվածք կա: Եթե բացվածքը մեծ է, արյունը սրտի ձախ կողմից կարող է հակառակ ուղղությամբ հոսել՝ նորից թոքեր ընկնելով:

Սրտի բնածին արատով կանանց մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր վիրահատվել են, կարող են հանգիստ հղիանալ: Բայց որոշ դեպքերում հղիությունը կարող է շատ վտանգավոր լինել:

Քլիվլենդի կլինիկայի բնածին հիվանդությունների կենտրոնի տնօրեն բժիշկ Ռիչարդ Կրասուսկին վերջերս սրտի բնածին արատով եւ փոխպատվաստված արհեստական փականով մի երիտասարդ կնոջ օգնել է հաջողությամբ տանել հղիությունը եւ ծննդաբերել:

«Այն հիվանդները, որոնց արհեստական փական են փոխպատվաստել, պետք է արյունը ջրիկացնող դեղամիջոցներ ընդունեն՝ նվազեցնելու համար տրոմբի առաջացման եւ կաթվածի ռիսկը: Այդ դեղամիջոցներից որոշները մեծացնում են բնածին արատների ռիսկը, իսկ արյունը ջրիկացնող բոլոր դեղամիջոցները մեծացնում են ծննդաբերության ժամանակ չափազանց շատ արնահոսության ռիսկը»,- ասում է բժիշկ Կրասուսկին:

Կանայք, որոնք սրտի փականի հետ կապված որեւէ խնդիր ունեն, պետք է նախքան հղիանալը խորհրդակցեն սրտաբանի հետ: Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում հղիությունից առաջ փականն ուղղելու համար վիրահատություն անել:

Ահա սրտի հիվանդության մի քանի դեպք, որոնց դեպքում պետք է անպայման հղիանալուց առաջ խորհրդակցել սրտաբանի հետ.

Հիպերտոնիա (զարկերակային բարձր ճնշում) կամ խոլեստերինի բարձր պարունակություն

Եթե նախկինում ախտորոշվել է սրտի կամ պսակաձեւ անոթների հիվանդություն

Եթե նախկինում ախտորոշվել է սրտի նոպա կամ կաթված

Սրտային անբավարարություն՝ արյան մղման ցածր կարողությամբ

Սրտի փականի հիվանդությունների դեպքում

Ճիշտ պլանավորման եւ խնամքի դեպքում կանանց մեծ մասը կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել եւ առողջ մնալ: