Նորվեգիայի առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է առաջարկել մի օրինագիծ, ըստ որի մարդիկ, որոնք ուզում են իրավաբանորեն փոխել իրենց սեռը, այլեւս չպետք է հորմոնալ թերապիայի ու վիրահատությունների ենթարկվեն: Նորվեգիայի Առողջապահության նախարարության մտահղացումով մարդն այսուհետ կարող է փոխել սեռը միայն իրավաբանորեն, առանց վիրահատությունների:

Առողջապահության նախարար Բենթ Հոյեն հայտնել է, որ «սեռը փոխելու գործող համակարգը չափից հնացել է», ու քննարկման դրված առաջարկությունները համապատասխանում են մարդու իրավունքներին, հայտնում է The Local–ը:

Այս պահին Նորվեգիայում, ինչպես եւ այլ երկրներում գործում է օրենք, որի համաձայն, սեռը փոխելու ցանկություն ունեցողը պետք է երկարատեւ հորմոնալ թերապիա անցնի, վիրահատություն ու զանազան հոգեբանական բուժակարգեր:

Օրինագծի հեղինակաները նաեւ առաջարկել են ոչ միայն պարզեցնել սեռափոխության ընթացակարգը, այլեւ 18-ից 16 դարձնել սեռափոխության թույլատրելի տարիքային շեմը՝ սակայն այդ դեպքում կպահանջվի նաեւ ծնողների թույլատվությունը: Եթե ծնողներից մեկը դեմ լինի, իշխանությունները որոշում կկայացնեն «երեխայի շահերից»:

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները արդեն հավանություն են հայտնել նախարարի առաջարկին՝ նշելով, որ սեռափոխությունը չպետք է ոչնչով տարբերվի անվանափոխությունից, որը Նորվեգիայում 2008 թ. սկսած կարելի է անել ինտերնետում մի քանի պարզ գործողությունների միջոցով: