Այսօր՝ մարտի 21-ին, նշվում է Դաունի համախտանիշով մարդու միջազգային օրը: Այդ օրը սահմանվել է 2005 թ.՝ այդ թեմային նվիրված սիմպոզիումի մասնակիցների նախաձեռնությամբ: Դաունի համախտանիշը կապակցված է 21-րդ քրոմոսոմի 3 պատճեների հետ, դրա համար էլ մարտը՝ որպես երրորդ ամիս խորհրդանշում է քրոմոսոմի երեք պատճեները, իսկ 21-ը քրոմոսոմի համարն է: 2011-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարեց Դաունի համախտանիշով մարդկանց Համաշխարհային օր:
Դաունի համախտանիշը բնածին գենոմային պաթոլոգիա է, որը տարածված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում ու հաճախ է դառնում մոտորիկայի, ֆիզիկական բնութագրերի ու առողջության փոփոխությունների պատճառ: 600-800 երեխաներից մոտավորապես մեկը ծնվում է այդ համախտանիշով, սակայն յուրաքանչյուր երկրի վիճակագրություն պայմանավորված է նրանով, թե երբ են այդ երկրում կանայք ծննդաբերում: Այնտեղ, որտեղ կանայք երիտասարդ տարիքում են ծննդաբերում, համախտանիշը նվազ տարածված է,քան այնտեղ, որտեղ կինը կարիերան ու այլ բաներ առաջնային համարելով ուշ է ամուսնանում ու առաջին երեխային էլ 30-35 տարեկանից ուշ ծննդաբերում:
Դաունի համախտանիշով հիվանդների աճի ու զարգացման համար կենսական կարեւորություն ունի բժշկական սպասարկման, վաղ միջամտության ծրագրերի ու ներառական կրթության հասանելիությունը, նաեւ համապատասխան հետազոտությունների անցկացումը: Մասնագետների խոսքով, Դաունի համախտանիշով երեխան, որը մեծանում է ընտանիքում ու լավ կրթություն ստանում, ավելի մեծ արդյունքի է հասնում ու ավելի զարգացած է լինում, քան եթե մանկատանն է մեծանում:
Հայաստանում դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն ու խնամքը բազմամասնագիտական խմբի միջոցով իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոնում եւ նրա մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում», ինչպես նաեւ ներառական մանկապարտեզներում եւ դպրոցներում:
Մեր հասարակության մեջ դեռեւս պահպանվում է այս հիվանդության եւ նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Սակայն ճիշտ եւ ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը եւ շրջապատի բարենպաստ վերաբերմունքը մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:






