Բարձր ստանդարտների ձգտելը կարող է ավերել հարաբերությունները, դրանք ամրապնդելու փոխարեն, զգուշացնում են Florida State University-ի մասնագետները: Նրանց խոսքով, այն մարդիկ, որոնք ամուսնությունից չափազանց շատ բան են սպասում, ակնկալիքների եւ իրականության անհամապատասխանության պատճառով հաճախ հիասթափությունների են բախվում:
Գիտնականների խոսքով, շատ ամուսիններ պաշտոնական հարաբերությունների մեջ մտնելով` իրենց ամուսնությունից ակնկալում են սեփական վիճակի բարելավում եւ զուգընկերոջ կողմից մշտական հոգատարություն եւ աջակցություն: Եվ չնայած երջանկության եւ ներդաշնակության ձգտումն ընդունված է համարել ամուսնական կապերի գլխավոր ձեռքբերումը եւ դրանց հուսալիության վկայությունը, ամուսնության մասին նման պատկերացումը, հոգեբանների կարծիքով, կարելի է չափազանցված ակնկալիք համարել:
Հետազոտության շրջանակում 135 նորապսակ հատուկ թեստավորում է անցել, որը գնահատում էր ամուսնությունից նրանց ակնկալիքները, նրանց բավարարվածությունը ամուսնությամբ եւ ամուսնության մեջ առկա խնդիրների լրջությունը: Բացի այդ, բոլոր երիտասարդ ամուսինները ամուսնության թեմաներով բանավեճերի էին մասնակցում, որոնք տեսաձայնագրվում էին: Հետագայում ամուսինները եւ կանայք եւս չորս տարվա ընթացքում ամեն կես տարին մեկ մասնակցում էին հարցաթերթիկների լրացմանը, որն ի հայտ էր բերում իրենց հարաբերություններով նրանց բավարարվածությունը:
Արդյունքում մասնագետները հանգեցին այն եզրակացության, թե ամուսնանալիս մարդկանց մեծամասնությունը հակված է չափազանցված ակնկալիքներ ունենալ, օրինակ` զուգընկերոջից ակնկալվող հոգատարության եւ աջակցության, ինչպես նաեւ ամուսնության մեջ զուգընկերների անկախության առումով: Հոգեբանների խոսքով, որոշ ամուսիններ ամուսնությունից չափազանց շատ բան են պահանջում` ամուսնական հարաբերություններն ընկալելով որպես միջոց` փոխհատուցելու այն, ինչին իրենք չէին կարողացել հասնել ամուսնությունից դուրս` ռեսուրսների պակասի պատճառով: Այդպիսով նրանք բախվում են իրենց ակնկալիքների եւ իրականության անհամապատասխանությանը, ինչն ավերիչ ազդեցություն է ունենում ամուսնության վրա:
«Ոչ մի ամուսնություն նման չէ մյուսին: Մարդիկ տարբերվում են համատեղելիությամբ, շփման հմտություններով, նրանով, թե ինչպես են արձագանքում սթրեսային իրավիճակներին: Այդ ամենը կարեւոր դեր է խաղում այն հարցում, թե որքան հաջողված կլինի ամուսնությունը եւ թե յուրաքանչյուրն ինչ կարող է սպասել զուգընկերոջից: Մեր ստացած տվյալները վկայում են, որ մարդիկ ամուսնանալուց առաջ պիտի իրենց համար նախապես որոշեն, թե ինչ են ուզում ամուսնությունից: Գնահատեն սեփական ուժեղ եւ թույլ կողմերը եւ դրանց համապատասխանության ստանդարտներ մշակեն: Դա այնքան էլ հեշտ չէ, ինչը հենց բացատրում է, թե ինչու են զույգերը հաճախ բախվում իրենց ակնկալիքների եւ իրականության անհամապատասխանությանը», - ասել են գիտնականները:
Նրանց խոսքով, ամուսնության մասին չափազանցված պատկերացումներն օգուտ են տվել սոսկ այն զույգերին, որոնք ի սկզբանե ամուր եւ առանց խնդիրների հարաբերություններ ունեին: Իսկ այն ամուսնությունները, որոնք ի սկզբանե լի էին հակասություններով եւ թշնամանքով, հաճախ ավերվում են բարձր պահանջների հետեւանքով:
Այդ հետազոտության մասին պատմում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը:






