ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ հարցը քննարկվել է նաեւ բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում եւս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական եւ նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ բուժում եւ վիրահատություն։

Կանանց եւ երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց եւ նրանց ընտանիքների առողջության համար: