Քաղցկեղի դեմ ռուսաստանյան դեղամիջոցը 2015-ից մինչեւ 2016-ի սկիզբը հաջողությամբ փորձարկում է անցել կենդանիների, այդ թվում նաեւ կապիկների  վրա: Այժմ դեղամիջոցը պատրաստում են կլինիկական հետազոտությունների համար, ասված է Biocad ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Պլանավորված փորձարկումներից առաջինին կմասնակցեն հիվանդներ աշխարհի տարբեր երկրներից: Ռուսաստանցիները առաջիններից մեկը մուտք կստանան նոր սերնդի թերապիային, իսկ դեղամիջոցը հիվանդների  համար մատչելի կլինի արդեն  2018-2019 թվերին:

Նոր դեղամիջոցն ակտիվացնում է մարդու օրգանիզմի ներքին ուժերը քաղցկեղի դեմ պայքարում:  Միակլոնային հակամարմինների հիման վրա ստեղծված դեղամիջոցն արգելափակում է  PD-1 եւ PD-L1 սպիտակուցների փոխազդեցությունը, որը քաղցկեղի բջիջները որպես առողջ է ներկայացնում:   PD-1-ի չեզոքացումից հետո օրգանիզմը սկսում է  ուռուցքային բջիջները ճանաչել որպես օտարածիններ եւ ոչնչացնել դրանք:  Միաժամանակ օրգանիզմի առողջ հյուսվածքները չեն վնասվում, ինչպես լինում է քիմիաթերապիայի պարագայում: 

Այսօրվա դրությամբ աշխարհում PD-1 դեմ միակլոնային հակամարմինների հիմքի վրա ընդամենը երկու տեսակի դեղամիջոց կա: Մեկն արտադրում է    MSD ընկերությունը, մյուսը` Bristol-Myers Sqibb-ը:

Նախակլինիկական հետազոտությունների արդյունքում   BIOCAD ընկերության դեղամիջոցը կենսաբանական ակտիվության (արդյունավետության) ավելի բարձր մակարդակ է ցուցադրել, քան Bristol-Myers Sqibb-ի դեղամիջոցը: Երկու դեղամիջոցն էլ նման են անվտանգության պրոֆիլի առումով, որովհետեւ կառուցվածքում միայն մարդկային միակլոնային հակամարմին են պարունակում: Իսկ  MSD դեղամիջոցը ներառում է մկան սպիտակուց, որը կարող է իմունային պատասխան առաջ բերել, այսինքն նվազեցնել հակամարմնի արդյունավետությունը եւ անվտանգությունը: