10 օրվա ընթացքում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում  1009 կին է հետազոտվել եւ արդյունքում կաթնագեղձի քաղցկեղի 29 դեպք է հայտնաբերվել եւ քաղցկեղի  10 կասկած: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: 

1009 կնոջ շրջանում նաեւ ուռուցքի 103 դեպք է հայտնաբերվել, որոնց բարորակությունը դեռ պիտի հաստատվի: 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, նույն ժամանակահատվածում  9 տղամարդ կուրծքը հետազոտել է Կենտրոնում եւ մեկի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: 

Տարվա սկզբից, ինչպես նշել է Խաչանուշ Հակոբյանը, Կենտրոնը  3020 հետազոտություն է կատարել եւ քաղցկեղի 133 դեպք է հայտնաբերել, քաղցկեղի 46 կասկած եւ 301 բարորակ ուռուցք: Նաեւ 1272 գինեկոլոգիական հետազոտություն են կատարել եւ արգանդի վզիկի քաղցկեղի 5 դեպք են հայտնաբերել եւ նախաքաղցկեղային վիճակում 1 հիվանդի: 

Ինչպես իր հերթին նշել է ճառագայթաբան Հովհաննես Վարդեւանյանը, հիվանդներից շատերը, ում մոտ կրծքում քաղցկեղ կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող փոփոխություններ են հայտնաբերում, հետազոտության են գալիս առանց որեւէ ախտանիշի կամ գանգատի:  Սովորաբար նման հիվանդների մոտ խնդիրը հայտնաբերում են վաղ փուլում, ինչը նրանց ապաքինման շատ մեծ շանսեր է տալիս:  Հենց այդ պատճառով էլ մասնագետները կանանց խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ կաթնագեղձի հետազոտություն անցնել, նույնիսկ եթե ոչ մի ախտանիշ եւ խնդիր չկա:  Ավելին` հատկապես ուշադիր պիտի լինեն այն կանայք, որոնց ընտանիքում արդեն եղել են քաղցկեղի դեպքեր: 

20 տարվա գործունեության ընթացքում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնը մոտավորապես  500 000 մարդու է հետազոտել եւ քաղցկեղի մոտ 10 000 դեպք է ի հայտ բերվել, որոնցից 5000-ը` վաղ փուլում: