Երեւանի պոլիկլինիկաներում գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար համավճարների ներդրումը հետաձգվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Այս որոշումն ընդունվել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության շրջանում պետք է իրազեկման աշխատանքներ իրականացվեն։

Հիշեցնենք որ, ՀՀ ԱՆ պլանավորում էր մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում սկսել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ամբուլատոր ծառայությունների մի մասը  պիտի դառնար վճարովի համավճարի սկզբունքով։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։

Ըստ աշխատակազմի ղեկավարի, համավճարները կլինիկական հետազոտությունների համար նախատեսվում են 500-800 դրամի շրջանակներում, կամ, ասենք 1000 դրամի չափ ուլտրաձայնային եւ այլ նմանատիպ հետազոտությունների համար։ Սուրեն Քրմոյանը նաեւ պարզաբանել էր, որ այդ համավճարը չի տարածվի կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց վրա, որոնց համար բուժօգնությունը կմնա մշտապես անվճար։