Երեխայի ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնված երեխաներն ավելի հաճախ են բախվում էկզեմային: Բացի այդ, աշնանային եւ ձմեռային երեխաների մոտ ավելի բարձր է ասթմայի զոհ դառնալու ռիսկը: Գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են ԴՆԹ-ի անալիզի վերաբերյալ էպիգենետիկ տեղեկություններ, որոնք ստացվել են նույն շրջանում ծնված մարդկանց խմբից: Նրանց հետազոտությունները հրապարակվել են  Allergy ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ հատուկ էպիգենետիկ նիշերը  (հատկապես մետիլացված ԴՆԹ-ները) կապված են երեխայի ծննդյան սեզոնի հետ: Այդ նիշերը ծննդից 18 տարի անց էլ դեռ առկա են օրգանիզմում: Հետազոտության հեղինակները կարողացել են նաեւ տվյալ էպիգենետիկ նիշերը կապել ալերգիկ հիվանդությունների հետ: Պարզվել է, որ «աշնանային» մարդկանց մոտ էկզեմայի զարգացման ռիսկը «գարնանայիններից» ավելի բարձր է:

Հետազոտողները պնդում են, որ տարվա այն եղանակը, որի ընթացքում ծնվում է մարդը,   զգալի ազդեցություն է թողնում նրա  վրա` ներառյալ աճը եւ կյանքի տեւողությունը: Ստացված եզրահանգումները կարող են ինչ-որ առումով հորոսկոպ հիշեցնել, բայց ի տարբերություն ավանդական աստղագիտության, դրա արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է: Հետազոտության ընթացքում հայտնաբերված էպիգենետիկ նիշերը կարող են նաեւ տարվա եղանակի ազդեցությամբ զարգացող այլ հիվանդությունների պոտենցիալ մեխանիզմ լինել: