Բրազիլիայում նորածինների շրջանում գրանցվել է միկրոցեֆալիայի 5200 հաստատված ու հնարավոր դեպք: Այս մասին ասվում է երկրի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Գերաատեսչության տվյալներով՝ 907 դեպքերում միկրոցեֆալիան, որը ենթադրաբար կապակցված է Զիկա վիրուսի հետ, հաստատվել է: Եվս 4293 նորածին լրացուցիչ հետազոտություններ կանցնի, որոնք կհաստատեն կամ կհերքեն այդ բնածին հիվանդության առկայությունը: Անցած տարվա հոկտեմբերից, երբ իշխանությունները սկսել են համապատասխան վիճակագրություն վարել, միկրոցեֆալիայի վերաբերյալ կասկածները հերքվել են 1471 դեպքում:

2015թ. նոյեմբերի վերջին Բրազիլիայի առողջապահության նախարարությունում նախազգուշացրել են, որ հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու հետեւանքով պտղի մոտ կարող է զարգանալ միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի դեպքում զգալիորեն նվազում է գանգի չափը: Այն հանգեցնում է մտավոր հետամնացության, լսողության ու տեսողության խանգարումների եւ այլ շեղումների:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հաստատել վիրուսի ու նորածինների մոտ հայտնաբերված խնդիրների կապը, սակայն փետրվարի 1-ին ընդունել է, որ Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսի բռնկումը միջազգային մասշտաբի բժշկական արտակարգ իրավիճակ է: