2015-ին Ռուսաստանում ՄԻԱՎ-ի 93 000 նոր դեպք են գրանցել, իսկ ՄԻԱՎ-ով վարակվածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 1 մլն-ը: Այդ մասին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
Նրա խոսքով, ամեն օր ՄԻԱՎ-ով վարակման ավելի քան 6000 նոր դեպք է տեղի ունենում: Հետաքրքիր է, որ ինչպես նշել է առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, դեպքերի ավելի քան 40 տոկոսում վարակումը տեղի է ունենում հետերոսեքսուալ շփումների միջոցով, ավելին` վարակվում են նաեւ բնակչության սոցիալապես բարեկեցիկ խմբերը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման առաջին դեպքը գրանցվել է 1988-ին: Մինչ օրս ՄԻԱՎ-ով վարակված 2279 մարդ է գրանցվել: Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում հաշվառված է 1591 մարդ, որոնցից 973-ը հակառետրովիրուսային բուժում է ստանում, իսկ ՄԻԱՎ-ով 510 հիվանդ մահացել է:
Տարբեր տվյալների համաձայն, այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով 3800 մարդ է ապրում, որոնց 60 տոկոսն առայժմ տեղյակ չէ իր կարգավիճակին:
Հետաքրքիր է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղին բոլորովին էլ նույնասեռական բնույթի սեռական շփումները չեն կամ թմրանյութերի ներարկումը, այլ հետերոսեքսուալ սեռական շփումները: Ավելին, վարակման դեպքերի 70 տոկոսն այս կամ այն կերպ կապված է աշխատանքային միգրացիայի հետ. հիվանդների 57 տոկոսը վարակվել է այլ երկրներում աշխատելու ընթացքում (մասնավորապես` Ռուսաստանում, որտեղ ՄԻԱՎ-ը 4-5 անգամ ավելի է տարածված, քան Հայաստանում), եւս 13 տոկոսը նրանց զուգընկերներն են եղել եւ նրանցից են վարակվել:






