ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (U.S. Food and Drug Administration, FDA) մտադիր է արգելել տալկի փոշիով պատված վիրահատական ու զննման ձեռնոցների, նաեւ վիրահատական ձեռնոցների համար արտադրվող փոշու գործածումը: Նման ձեռնոցներ հիմա հազվադեպ են օգտագործում . այդ ձեռնոցները կարող են լուրջ վնաս հասցնել դրանց հետ գործ ունեցողների  առողջությանը՝ մատակարարներից սկսած մինչեւ հիվանդներ:

Բժշկական սարքվորումների ու ռադիացիոն հիգիենայի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ջեֆրի Շուրենն ասում է, որ այդ արգելքի նպատակն է ապահովել այն մարդկանց անվտանգությունը, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում այդ փոշու վնասի մասին: Նրա խոսքով, նման արգելքները կիրառվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Տալկը ձեռնոցները ավելի հեշտ հագնելու ու հանելու համար է: Բայց նման ձեւով մշակված ձեռնոցները վնասում են առողջությանը մի քանի ձեւերով ՝ նախ փոշու մանր մասնիկները կարող են հայտնվել վերքի մեջ, խանգարելով դրա առողջացմանը, կամ էլ ալերգիա առաջացնել: Նաեւ հավանականություն կա, որ այն կհայտնվի հիվանդի շնչառական ուղիների մեջ:

Քանի որ այդ բոլոր ռիսկերը որեւէ կերպ նվազեցվել հնարավոր չէ, Սննդամթերքի ու դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը առաջարկել է առհասարակ արգելել փոշիով պատված ձեռնոցների շրջանառությունը:

Մինչ այդ էլ Brigham-ի, Women's Hospital-ի ու ամերիկյան այլ գիտական կենտրոնների մասնագետների համատեղ հետազոտություններն էին ցույց տվել, որ ինտիմ հիգիենայի համար տալկ պարունակող փոշիների գործածումը մեկ քառորդով բարձրացնում է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: